Ինչպես Armlur.am-ը երեկ հայտնել էր, Սամվել Շառոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նաիրա Զոհրաբյանի առաջարկով էլ ` Շենգավիթի տարածքային խորհրդում անցկացվել է կուսակցության նիստ և Սամվել Շառոյանին հեռացրել են կուսակցությունից:
Ավագանու խմբակցությունից դուրս գալու պատճառների վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց արդեն նախկին ԲՀԿ-ական Սամվել Շառոյանի հետ:
– Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ ավագանու ԲՀԿ խմբակցությունից:
– Որոշեցի` դուրս գամ խմբակցությունից և մնամ անկախ ավագանու կարգավիճակում: Իսկ կուսակցությունից էլ , եթե ասում են, որ տարածքայինում եղել է կուսակցոթւյան նիստ ու հեռացրել են, տենց բան չի եղել: Եթե արել են, դա իրենց գործն է, ես մեկա դուրս էի գալու և շատ ուրախ եմ, որ ինձ հեռացրել են կուսակցությունից:
– Ստացվում է` մինչ ձեր դիմում գրե՞լն են ձեզ հեռացրել կուսակցությունից:
– Արհեստական ձևով կատարել են: Ես պետք է դիմում գրեի, բայց իրենք մեկ օր առաջ կուսակցության խորհրդի նիստ են հրավիրել:
– ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը նշել էր, թե դուք այլ կուսակցության հետ նպատակներ ունեք: Կմանրամասնե՞ք, թե ինչի մասին է խոսքը:
– Ոչ, ոչ մի կուսակցության մեջ չեմ մտնելու: Մինչև 2017թ. լինելու եմ ավագանու անդամ, դրանից հետո պարզ կլինի, թե ինչ դիրքորոշում կունենամ: Որևիցէ մի կուսակցության անդամ չեմ դառնալու, մարդը մնում է մարդ իր էությամբ, կուսակցության անդամ լինելը կարևոր չէ:
– Իսկ ի վերջո ո՞րն է խմբակցությունից դուրս գալու պատճառը: Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու որոշումը դերակատարում ունեցե՞լ է:
– Նաև դա, կա նաև այն, որ կուսակցությունում մթնոլորտն ինձ տարօրինակ է թվում: Ես որոշեցի, որ դուրս գամ: Ես ինքս որոշել էի, որ ցանկանում եմ դուրս գալ:
– Իսկ ԲՀԿ-ում ի՞նչն է տարօրինակ: Ընդդիմադիր դառնա՞լն եք տարօրինակ համարում:
– Ես չեմ կարող ասել` ընդդիմադիր դարձել են, թե ոչ: Բառերի մեջ չի որոշվում: Ես եղել եմ Շենգավիթի տարածքային կառույցի խորհրդի անդամ, նիստ են հրավիրել, ինձ հեռացրել են խորհրդի կազմից: Այսինքն` ես այլևս չէի կարողանում համագործակցել իրենց հետ: Նաև Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալուց հետո որոշեցի դուրս գալ:
– Անձնական պատճա՞ռներ կան, որ ձեզ հեռացնում են կուսակցությունից:
– Անձնական հարցեր չկան: Առաջին անգամ չեմ ավագանու անդամ դառնում, չորս անգամ եղել եմ Շենգավիթ վարչական շրջանի ավագանու անդամ: Երևի չեն ցանկանում` իրենց կողքին ավելի խելացի մարդ լինի:
Նաիրա Հովհաննիսյան