Գյումրիում շուտով, հնարավոր է արդեն ամառային ամիսներին, կվերամեկնարկի Կառավարության կողմից մի քանի տարի իրականացրած վճարովի հասարակական աշխատանք ծրագիրը, որը գյումրեցիների մոտ հայտնի է սնունդ` աշխատանքի դիմաց անունով: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը համապատասխան առաջարկություն ներկայացրել է կառավարությանը: Հարցը քննարկվել է նաև Գյումրիում ՀՀ Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի հետ՝ վերջինիս Գյումրի վերջին այցելության ժամանակ:
Նախարարը դեռ այն ժամանակ կարևոր է համարել այդ ծրագրի վերականգնումը, քանի որ այն լրացուցիչ բավական մեծ թվով ժամանակավոր աշխատատեղեր էր ապահովում գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող Գյումրիի համար և գյումրեցիների օրվա հացի խնդրի հայթայթման գործում մի փոքր առկա դժվարությունները մեղմում էր: Բացի այդ ծրագիրը օգտակար է հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր ունեն անմրցունակ աշխատողի կարգավիճակ կամ որոնց աշխատանքի տեղավորման համար չեն պահանջվի առանձնակի մասնագիտական պատրատսվածության ու դրա հետ փոխկապակցված այլ բաղադրիչների առկայություն /գիտելիքներ, փորձ, հմտություններ տարիքային շեմ և այլն/: Ինչպես փաստում են համայնքային պատասխանատուները՝ այս պահին կառավարության կողմից մշակվում է վարձատրվող հասարակական աշխատանքի նախագիծը, որն ունի մեկ նորամուծություն՝ այն կլինի ոչ թե սնունդ աշխատանքի դիմաց, այլ՝ վարձատրություն:
Միաժամանակ նաև Գյումրին կունենա իր սոցիալական ինտեգրված ծառայությունների համալիր կենտրոնը, որը ևս կթեթևացնի սոցիալական բեռը Հանրապետության երկրորդ քաղաքում:
Արման Գրիգորյան
Գյումրի