Երկար արհամարհված լինելն անդառնալի հետևանքներ կունենա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն գրել էր, որ այսօր Ազատության հրապարակում նաիրիտցիները հավաքվել էին` նորից պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը: Իսկ ժամը 13:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր միջոցառում` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցելու էր նաև Սերժ Սարգսյանը, ում գալուն սպասում էին նաիրիտցիները: Իսկ ոստիկանական ուժերը գնալով ավելանում էին` փորձելով սաստել բորբոքված նաիրիտցիներին:

Նրանց համոզողներից և սաստողներից էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նախ նաիրիտցիների պահանջը արդար համարեց, այնուհետև հորդորեց այդ արդար պահանջին հասնել սահմանադրական ճանապարհով: Գործարանի աշխատակիցներն էլ իրենց հերթին փոխոստիկանապետին փորձեցին բացատրել, որ տևական ժամանակ է, ինչ իրենք հենց այդ նույն սահմանադրական ճանապարհով են իրենց պահանջը բարձրացնում և երբևէ չեն խախտել ո´չ օրենքը, ո´չ ոստիկանի օրինական պահանջը:

Նաիրիտցիները դժգոհում էին, որ իրենք, լինելով ՀՀ քաղաքացի, զրկված են իրենց երկրի նախագահի աթոռը զբաղեցնող մարդու, ներկայացուցչի հետ հանդիպելու, երկու բառ փոխանակելու իրավունքից, որը բոլոր ժողովրդավարական երկրներում կատարվում է: Ցանկացած երկրի նախագահ, իր ժողովրդի, իր քաղաքացիների հետ խոսելու, շփվելու, ցույց տալու, որ նախագահն իրենց կողքին կանգնած է, առիթը բաց չի թողնում: Սակայն, դա Հայաստանին չի վերաբերում, քանի որ այստեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին արհամարհում են կամ լավագույն դեպքում որևէ հոդվածով դատում:

Այս առումով, համաձայնեք, նաիրիտցիներն ավելի լավ է արհամարհված լինեն: Սակայն, երկար ժամանակ արհամարհված լինելն էլ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, որոնց մասին այսօր աշխատակիցները բարձրաձայնեցին: Նրանք խնդրում էին չհասցնել այն իրավիճակի, որ իրենք դիմեն հակասահմանադրական քայլերի, որից հետո իրենց կմեղադրեն նման քայլեր կատարելու մեջ:

Ամեն դեպքում, սա նաիրիտցիների առաջին փորձը չէր` հանդիպել Սերժ Սարգսյանի հետ և արհամարհվել: Նման նախադեպ եղել էր մարտի 17-ին, երբ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղ առավոտյան հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց` հանդիպելու իրենց «ապահով և ժողովրդավարական» Հայաստան խոստացած Սերժ Սարգսյանի հետ: Եվ վերջում, ՀՀ ազատ քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք` առանց որևէ սպասելիքի:

Քրիստինա Աղալարյան

11182012_903089796430400_136522920_o




Լրահոս