Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Սայաթ-Նովայի 10/21 հասցեի 36-ամյա բնակիչ Մարինե Մաթեւոսյանին Գեղարքունիքի թիվ 1 բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովը (ԲԱՓՀ) զրկել է հաշմանդամության 3-րդ կարգից` պատճառաբանելով, թե վերջինս «ունի գրանցված Ա/Ձ»:
Մարինե Մաթեւոսյանի տեղեկացմամբ՝ 2010թ. իր մոտ հղիության ընթացքում առաջացել են դժվարություններ: Սեւանի կենտրոնական հիվանդանոցից նրան ուղարկել են Երեւանի «Արմենիա» ԲԿ-ի (Հանրապետական հիվանդանոց) ծննդատուն՝ հետազոտման: Բժշկի սենյակում նրա մոտ հազի նոպա է սկսվել, որն ուղեկցվել է կոկորդային արյունահոսությամբ: Կնոջը շտապ ուղեգրել են Աբովյանի տուբերկուլյոզի կենտրոն, որտեղ ոչ մի առողջական խնդիր չնկատելով` Մաթեւոսյանին ուղարկել են տուն: Որոշ ժամանակ անց կնոջ վիճակը վատացել է, եւ նրա ընտանեկան բժիշկը հայտնել է, որ անհրաժեշտ է կատարել շտապ վիրահատություն: Մարինեին կրկին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ կատարել են կեսարյան հատում, սակայն նա կորցրել է երեխային եւ երեք օր ընկել կոմայի մեջ:
«Վիրահատվեցի Հանրապետական հիվանդանոցում, արթնացա «Էրեբունի» կենտրոնի վերակենդանացման բաժնում: Հավատացե՛ք, առանց չափազանցության բոլոր հարկերում պառկել եմ: Տանջվեցի, տառապեցի, իմ եւ հարազատներիս հոգեկան ծանր ապրումների մասին էլ, կարծում եմ, խոսելն ավելորդ է: 2010թ. օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը մնացի հիվանդանոցում: Վերջապես ինձ մոտ հայտնաբերեցին գայլախտ հիվանդությունը: Բժշկուհիս ասաց, որ այս հիվանդությունն ինձ ուղեկցելու է ողջ կյանքում եւ բուժելի չէ»,-պատմեց Մարինեն: Շարունակելով զրույցը` վերջինս ասաց, որ 2011թ. փետրվարին ինքն առաջին անգամ ներկայացել է բժշկասոցիալական փորձաքննության, եւ հանձնաժողովը նրան նշանակել է հաշմանդամության 3-րդ կարգ: Ապա՝ 2012-ի հունվարի 31-ին, սահմանված կարգով, Մաթեւոսյանը կրկին անցել է բժշկասոցիալական փորձաքննություն, որից հետո Գեղարքունիքի թիվ 1 բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի նախագահ Լեւոն Ժամհարյանը նրան ասել է, որ զրկվել է իր կարգից: Երբ Մարինեն հարցրել է պատճառը, Ժամհարյանը պատասխանել է. «Դե դու աշխատունակ ես, եթե կարողանում ես Ա/Ձ աշխատեցնել, ուրեմն կարգ ունենալու իրավունք չունես»:
«Ժողովուրդ»-ը փորձեց Լ. Ժամհարյանից տեղեկանալ, թե ՀՀ այդ որ օրենքով է հիմնավորվում քաղաքացուն ներկայացված պատճառաբանությունը: «Ես օրենքի մարդ եմ, իրեն էլ չեմ հիշում: Համաձայն չէ իմ որոշման հետ, թող գա, հատուկ ձեւ ունենք, լրացնի»,-ինքնավստահ տոնով ասաց Ժամհարյանը:
Այնինչ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանին զարմացրեց աշխատակցի նման մեկնաբանությունը: «Դա անհեթեթություն է: Ընդհակառակը, պետությունը որդեգրել է հաշմանդամություն ունեցող անձին կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելու փոխարեն լուծել նրա զբաղվածության, կրթության, առողջապահության խնդիրները: «Աշխատանքի մատչելիության ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրն ուղղված է այդ խնդիրների լուծմանը»,-նշեց վարչության պետը` հավելելով, որ «Ժողովուրդ»-ի ահազանգից հետո այս հարցով կատարվում են ուսումնասիրություններ:
ԵԹԵ Ա/Ձ ՈՒՆԵՍ` ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԵՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ