«Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը ներկայում կանոնավոր կերպով եթեր դուրս չի գալիս: Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը չկատարած հարկային պարտավորությունների համար դատի է տվել հեռուստաընկերությանը: Տարածքային հարկային տեսչությունում մեզ չհայտնեցին հեռուստաընկերության պարտքի չափը՝ դա համարելով հարկային գաղտնիք: Մեր ունեցած տեղեկություններով՝ հեռուստաընկերության պարտքի չափը 400-500 հազար դրամ է: Նշենք, որ այդ հեռուստաընկերությունը փաստացի (ոչ փաստաթղթերով) պատկանում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Վերջինս պարտվեց 2011 թվականի նոյեմբերին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում: Իջեւան քաղաքի բնակիչները մշտապես մեզ բողոքում էին, որ այդ հեռուստաընկերությունը չի կատարում հեռուստաեթերի արտոնագրով իր ստանձնած պարտավորությունները՝ լրատվական հաղորդումներ գրեթե չունի, օրերով սեփական հաղորդումներ չի հեռարձակում եւ այլն: «Իջեւան ստուդիա»-ն 2003 թվականին հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից հեռուստաեթերի տասը տարվա արտոնագիր է ստացել: Սակայն անցած 10 տարվա ընթացքում ՀՌԱՀ-ը չի հետեւել, թե Իջեւանի տեղական հեռուստաընկերությունը խախտում է արդյոք իր եթերային պարտավորությունները՝ ստացած արտոնագրի պայմանները:
ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ