«ԵՍ ԻՄ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից կլրանա Երեւանի 2794-ամյակը: Հին ու նոր Երեւանի մասին զրուցեցինք հեռուստառեժիսոր եւ մեկնաբան, իսկական երեւանցի ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆԻ հետ, որը ցավով նշեց, որ Երեւանն այսօր փոխել է իր դեմքը:
-Շնորհավորում եմ տարեդարձդ, բայց այսօր քեզ չեմ ճանաչում: Երեւանիս մեջ սեպի նման խրվեցին այդ բետոնե շենքերն ու այլակերպեցին քաղաքս: Երեւանն իմ կյանքն ու սերն է, բայց ես իմ հին Երեւանն եմ ուզում, որ համարյա չեմ տեսնում: Ինձ անծանոթ է քաղաքն այս, մի  տեսակ խորթ: Ես ինձ Երեւանում դրսից եկածի պես եմ զգում, շատ քիչ եմ դուրս գալիս քաղաք: Իսկ երբ դուրս եմ գալիս, կարծես մի օտար քաղաքում լինեմ՝ չնայած աշխարհի շատ երկրների մայրաքաղաքներում եմ եղել: Ասենք՝ Փարիզն ինձ շատ հարազատ է, այնտեղ այսքան փոփոխություններ չեմ տեսնում: Գիտե՞ք՝ ինչպիսի զգացողություն է մոտս, կարծես օտար երկիր եմ գնացել, մի տեսակ ինձ մենակ, անտեր ու անօգնական եմ զգում: Ոնց որ իմ մայր Երեւանն ինձանից երես է թեքել, բայց ես իրեն սիրում եմ: Չես կարող տունդ վերանորոգումից հետո չսիրել, որքան էլ համաձայն չլինես վարպետների հետ: Մեր բնակարանն Աբովյան փողոցում էր, ես ծնվել-մեծացել եմ այդտեղ ու ամեն անգամ այդ փողոցով անցնելիս տեսնում եմ մեր շենքի միայն սեւ քարից մնացած ճակատային մասը՝ Աբովյան-Պուշկին խաչմերուկում, որը կարծես վագրի երախում լինի: Օտարացել է քաղաքս ու ոչ միայն շենքերով, նաեւ բնակչությամբ: Երեւանում մի տեսակ գորշություն եմ նկատում:
-Միգուցե այդ գորշությունը մարդկանց սոցիալական ծանր վիճակի՞ց է գալիս:
-Հնարավոր է: 1988-ի երկրաշարժից հետո ֆրանսիական «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունն ինձ ընդգրկեց իր կազմում, ես էլ օգնում էի նրանց օգնություն բերել Հայաստան՝ աղետի մեջ հայտնվածների, անապահովների համար: Ու երբ գալիս էին, ասում էին՝ ինչ աղքատ երկիր է, աղքատ ժողովուրդ է: Ես էլ ասում էի՝ ժողովուրդն աղքատ չէ, ժողովուրդը փող չունի, ապշած նայում էին ինձ: Ու հետո տեսնելով այդ շենքերը, քաղաքում շրջող մեքենաները՝ ինձ հարցնում էին, եթե փող չունի, բա ո՞նց է այս տեսակ մեքենաներ գնում, շենքեր կառուցում, բայց 10-15 տարի շարունակ գնալ-գալուց հետո հասկացան, որ այդ ամեն ինչը շպարի նման մի բան է: Երեւանը շպարել են այդ տներով:
-Ինչպիսի՞ն է Ձեր երազած Երեւանը:
-Երբ տանից դուրս էինք գալիս, ամեն անցորդի նայում ու հարցնում էինք՝ բարե՛ւ, ո՞նց ես: Ու ոչ թե ձեւական, ինչպես հիմա ենք ասում: Ու երբ ինձ այսօր հարցնում են, քմծիծաղով ասում եմ՝ սովորական վատ: Ո՞նց կարող է լավ լինել, եթե այս տեսակ քաղաքական անհեթեթ բաներ են տեղի ունենում: Օսկանյաններ են դատում ու եսիմ ինչեր անում, երբ երկիրն այսպիսի վիճակում է: Ասում են՝ երեսուն քանի տոկոսն աղքատության մեջ է, սուտ է, ութսուն եւ ավելի տոկոսն է աղքատության մեջ, մնացած քսան տոկոսն էլ իմ հաշվարկներով կա՛մ օլիգարխներն են, կա՛մ նրանց բարեկամները, կա՛մ էլ սպասարկողները: Իսկական Երեւանը կերտողին այսօրվա Երեւանը չի տեսնում: Մի օր նկարահանման էինք փողոցում, մի երիտասարդ տղա անցավ ու անգլերենով ասաց. «Մի՛ նկարեք, սա private (անձնական) տարածք է»: Տո ախմա՛խ, ես որ այս փրայվիթ տարածքում պտտվում էի, դու ո՞ւր էիր: Այսինքն՝ ես Երեւանիս մասին ռեպորտաժ անելիս պետք է կա՛մ նրանց վճարեմ, կա՛մ արգե՞լքն ընդունեմ:
-Լավ, ոչինչ չի՞ մնացել հին Երեւանից:
-Տներում նստած հին երեւանցիները: Մնացել են մի քանի շենքերը, որ արդեն ավերվում են: Ես «Պոպլավոկ»-ում, «Կազիրոկ»-ում, «Սկվազնյաչոկ»-ում եմ անցկացրել իմ երիտասարդությունը: Նախկինում կարծես իրար ավելի շատ էինք սիրում: Այսօր ինձ դրսում «բարե՛ւ, Արտո՛ ջան» ասող քիչ կա, հին էրեւանցիներից շատերը «Ֆեյսբուք»-ով են ասում: Մարդկանց բարքերն են փոխվել, հյուրընկալությունը: Ես երբեմն նաեւ հարսանիքներ եմ մոնտաժում ու տեսնում եմ մեր հաստավիզ, հաստափորներին քեֆ անելիս, մեղմ ասած` ապշում եմ: Էս ո՞ւր ենք գլորվում…
Ես իմ քաղաքն եմ ուզում: Երեւանիս տրամվայն եմ ուզում: Ես այն քաղաքն եմ ուզում, որտեղ Աբովյան փողոցում ինձ գրկել է Հրաչյա Ներսիսյանը, որտեղով անցնում էին Շիրազը, Մհեր Մկրտչյանը, Շերենցը… կամ էլ Դալուլեն, Չլուդ Արամը, Կարաբալան, Խաչո բիձեն… Ես կարոտում եմ կոշկակարի այն փոքր խցիկն ու դարպասը կարմիր աստղով: Գուցե այս ամենը տարիքի հետ է, բայց դրա հետ կորավ նաեւ երեւանյան կոլորիտը, հին էրեւանցին: Ես էրեւանցի տղա եմ, իսկական էրեւանցի տղերքին եմ ուզում: Իմ Երեւանը կորչում է, երեւանցիները գնում են, քաղաքս աղքատանում է, դեմքը կորցնում…
Ախր ես Երեւանին վատ բան ասել չեմ կարող, իմ յարն ա Երեւանը, ուղղակի յարիս տեսքն է փոխվել, գեղեցիկ ճարտարապետական կառույցներով հագուստը, քնքուշ մարմինը, շունչն է փոխվել: Ծնունդդ շնորհավոր, յա՛րս, ափսոս, որ չեմ կարողանում գրկել քեզ հիմա: Միշտ գրկած եմ պահել, բայց այս վերջին մի քանի տարիների ընթացքում իմ քաղաքն ակամայից փախել է իմ գրկից: Ես իրեն շնորհավորում եմ, բայց սրտի ցավով: Չգիտեմ՝ կլինեմ  մի 5 տարի հետո, թե ոչ, բայց ուզում եմ ինքն իրեն վերագտնի, կրկին Երեւանը սիրողների երազած քաղաքը դառնա…

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս