ԿՈՏՐԵԼ Է ՊԱՐԱՆՈՑԸ
Վերնանդսկու պողոտայում գտնվող Մոսկվայի Մեծ կրկեսում կոլումբիացի հայտնի ակրոբատ Մարիո Սեբալոսն իր հերթական համարներից մեկի ժամանակ վայր է ընկել շատ մեծ բարձրությունից: Դեպքի վայր ժամանած բժիշկները պարզել են, որ միջադեպի հետեւանքով կոտրվել է նրա պարանոցը, եւ ակրոբատին շուտափույթ տեղափոխել են հիվանդանոց: Ակրոբատ եւ մոտոցիկլետով հնարքների կատարող Մարիո Սեբալոսն աշխարհին հայտնի է իր բարդ եւ անսովոր կատարումներով, որոնցից մեկը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ
Գերմանիայում կենդանիների իրավունքների պաշտպանները պահանջում են արգելել շների մասնակցությունը տարատեսակ հաղորդումներին ու շոուներին: Նման պահանջով հանդես գալու առիթ է եղել ZDF հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած միջադեպը. երբ վարսահարդարը փորձել է կտրել շներից մեկի մորուքը, հանկարծ նա ցատկել է եւ գլխով հարվածել հատակին, ինչից հետո սատկել է: Ըստ կենդանիների պաշտպանների՝ նկարահանման տաղավարները շների համար լավ տեղ չեն, լուսային էֆեկտները, աղմուկը, մարդիկ խուճապի մեջ են գցում նրանց:
ՄԿՆԱՅԻՆ ԵՐԳԵՐ
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մկները կարողանում է խմբակային երգել: Երբ արու մկները գտնվում են էգ մկան հետ միեւնույն վանդակում, ապա նրանք սկսում են բոլորով երգել: Իրականում մկներն օժտված են բնության մեջ քիչ հանդիպող տաղանդով, քանի որ կարողանում են համահունչ կերպով համաձայնեցնել իրենց ձայնը կողքից երգող ցեղակցի հետ: Կենդանական աշխարհում նման շնորհ ունեն միայն թռչունները: Սակայն գիտնականները նշել են, որ մկնային երգերը մարդու ականջին հասու չեն, քանի որ նրանք երգում են 50-100 կիլոհերց հաճախականությամբ դիապազոնում, ինչը մարդու կողմից ընկալվում է որպես ծվծվոց: