Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգի գլխավոր հարցը վերաբերել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին ու իրադարձություններին, որոնք ՀԽ անդամները բարձր են գնահատել` կարևորելով ստացված դրական արդյունքներն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Որպես կարևոր ձեռբերում` առանձնացվել են միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը համամարդկային խնդիր որակելու փաստը, հարցի աննախադեպ մեծ հնչեղությունը, ինչպես նաև Հայաստանի ու հայության նկատմամբ ստեղծված դրական վերաբերմունքը:
Հանրային խորհուրդը բարձր է գնահատել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքը թե´ գաղափարական և թե´ կազմակերպչական տեսանկյունից: Կարևորելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ համայն հայության համախմբումն ու բարձր մակարդակով և միասնական ջանքերով խնդրի բարձրաձայնումը ողջ աշխարհում` ՀԽ-ն փաստել է, որ սա նաև առիթ էր հասկանալու, որ Հայաստանի և հայության առջև ծառացած մյուս բազմաթիվ հարցերի շուրջ նույնպես հնարավոր է հասնել լուրջ հաջողությունների:
Հանրային խորհուրդը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ստեղծված իրավիճակը որակել է` իբրև նոր փուլ հայ ժողովրդի և պետության կյանքում` ընդգծելով, որ ձեռք բերվածն ու դրական էներգիան անհրաժեշտ է ուղղել մյուս խնդիրների լուծմանն ու մեր երկրի զարգացմանը: Միաժամանակ նշվել է, որ հասարակության սպասելիքներն այլևս ավելին են, և հին մոտեցումները չեն կարող բավարարել հանրության լայն շերտերին: Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել այս հարցերի շուրջ հանրային քննարկումների շարք սկսել, ինչպես նաև բարձրացված հարցերը քննարկել Հանրապետության ղեկավարի հետ:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան