ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որպես տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձ եւ որպես հարկ վճարող՝ ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ունեն հետեւյալ իրավունքները. արգելել ստուգումը, հարկային տեսուչներին փաստաթղթեր տրամադրելը, եթե տեսուչները խախտել են ստուգումների անցկացման կարգը եւ ժամկետները՝ այդ մասին նույն օրը ծանուցելով ստուգում իրականացնող հարկային մարմնին, ծանոթանալ ստուգումների ակտերին, ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ: Նաեւ իրավունք ունեն հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, պահանջել հարկային տեսուչների ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցում, չկատարել հարկային տեսուչների իրավասություններից, ինչպես նաեւ ստուգման նպատակներից չբխող պահանջներ, ստուգվող տնտեսվարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգման ցանկացած փուլում ապահովել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների մասնակցությունը:
Տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ունեն հետեւյալ պարտականությունները. չխոչընդոտել ստուգումների ընթացքը, կատարել հարկային տեսուչի օրինական պահանջները, հարկային տեսուչի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ հարկային տեսուչի գործունեության համար, սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները եւ խախտումները՝ այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում հարկային մարմինները հաշվի չեն նստում տնտեսվարող սուբյեկտի հետ եւ գործում են կամայականորեն: Իսկ երբ տնտեսվարողները փորձում են պաշտպանել իրենց իրավունքները, կանգնում են նոր խնդիրների առաջացման սպառնալիքների առջեւ: Անգամ ՊԵԿ-ի էթիկայի հանձնաժողովը շատ դեպքերում աչք է փակում դժգոհող գործարարների բողոքների վրա: