Մայիսի 1-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում տեղակայված Գյումրիի համար ավանդական դարձած կլկլանը՝ մուշուրբան, հանվեց եւ տեղը կանգնեցվեց հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը: Արձանի հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյան է: Վերջինիս խոսքերով աշուղի արձանը պատահական փողոցում չէր կարող դրվել, այլ հենց իր անունը կրող փողոցում: Իսկ մուշուրբայի հայկական ծագումը դեռ վաղուց կասկածի տակ է, այն ունի նաև արաբական հենքեր:
Գյումրեցիներից շատերի կարծիքով ցավալի է ավանդական մուշուրբայի տեղահանումը եւ այդքան գումարի վատնումը: Ի դեպ նշենք, որ արձանի կառուցման համար քաղաքապետարանը հատկացրել էր 7մլն դրամ:
Ավելացնենք, որ գյումրեցիներին այդքան հոգեհարազատ Կլկլանն էլ տեղափոխվելու է Ալեքսանդրովսկի փողոց: Այս փողոցը նույնպես շուտով վերանորոգվելու է եւ ստանալու նախկին ՝ պատմական տեսքը:
Արձանի բացմանը քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում ասաց, որ Գյումրիում Սայաթ-Նովայի արձան ունենալը եղել է ձգտում դեռ խորհրդային տարիներից, և այն այսօր տեսնելը պարտադիր էր: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Շիրակի փոխմարզպետը:
Արևիկ Հակոբյան
Գյումրի