Արդյունաբերության ծավալների անկման պայմաններում պաշտոնապես աճ են արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 2 հազ. 429 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 254 մլրդ 277 մլն 183 հազ. դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալըտ կազմած է եղել 249 մլրդ 574 մլն 342 հազ. դրամ: Այսինքն թվում է թե արդյունաբերական արտադրանքի ծավալները անցած տարվա համեմատ աճել են:

Ավելին, պաշտոնապես հենց այդպես էլ արձանագրվել է, թե իբր 2015-ի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի 1,9 տոկսի աճ է արձանագրվել: Սակայն, ողջ խնդիրն այն է, որ ձեռնարկություններն իրենց արտադրանքը արտահանում են դոլարով, հումքն էլ գնում են դոլարով: Այսինքն, որպեսզի պարզենք արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են, թե՝ նվազել այն պետք է վերածենք դոլարի: Այսպես, 2014-ի առաջին եռամսյակում դոլարային արտահայտությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են շուրջ 601 մլն 400 հազ. դոլար (1 դոլարը 415 դրամ միջին փոխարժեքով):

Իսկ 2015 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են շուրջ 529 մլն 750 հազ. դոլար (1 դոլարը 480 դրամ միջին փոխարժեքով): Այսինքն դոլարային արտահայտությամբ, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են շուրջ 71 մլն 650 հազ. դոլարով կամ նույն է թե 12 տոկոսով: Իսկ թե նման պայմաններում պաշտոնական վիճակագիրները ինչպես են աճ արձանագրում, կարծում ենք մեկնաբանել ու կարիք չկա:




Լրահոս