Բելգիայի հանրահայտ Լյուվենի համալսարանում ապրիլի 30-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրելով աղետը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Լյուվենի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի կողմից:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե գիտաժողովին մասնակցում էին պատմաբաններ, միջազգայնագետներ, փորձագետներ եւ լրագրողներ տարբեր եվրոպական երկրներից, Միացյալ նահանգներից եւ Մերձավոր Արեւելքից: Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Հայոց ցեղասպանության ինչպես պատմական, այնպես էլ քաղաքական, միջազգային, կրոնական եւ իրավական ասպեկտներին վերաբերող հարցեր:
Բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով համալսարանի գիտնականների նախաձեռնությունը` դեսպանը կարեւորեց Հայոց ցեղասպանության հարցի բաց եւ անկեղծ քննարկումը վերջին զարգացումների համատեքստում` ընդգծելով Թուրքիայի ժխտողականությանը վերջ դնելու համար ներքին եւ միջազգային հասարակական ու քաղաքական մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը: Դեսպան Մարգարյանը կարեւորեց նաեւ 100-րդ տարելիցի համատեքստում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ քննարկումների ծավալումը:
Գիտաժողովից հետո` նույն երեկոյան, տեղի ունեցավ հիշատակի համերգ եւ ընդունելություն: