Կաթ վերամշակող ընկերություններն իջեցրել են կաթի մթերման գները. բնակիչները բողոքել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի թվով ութ գյուղերի բնակիչներ հայտնվել են անելանելի դրության մեջ:Բանն այն է, որ նույն մարզում գործող կաթի վերամշակման ընկերությունները բնակիչներին տեղեկացրել են, որ մայիսի 1-ից մեկ լիտր կաթը մթերելու են 150 դրամով: Մինչդեռ նախկինում այն մթերում էին 170 դրամով:

Կաթ վերամշակող ընկերությունների ներկայացրած առաջարկին դեմ են արտահայտվել ութ գյուղի բնակիչ, ինչի առիթով էլ երեկ նրանք Բերդաշեն գյուղում բողոքի ակցիա են անցկացրել: Այդ գյուղերն են Զորակերտը, Զարիշատը, Ծաղկուտը, Շաղիկը, Արդենիսը, Բերդաշենը, Ալվարը և Գառնալիճը: Այս խնդրի շուրջ Armlur.am-ը զրուցեց Բերդաշենի գյուղապետ Համբարձում Ախցեխեցյանի հետ:

-Պարոն Ախցեխեցյան, ինչպե՞ս լուծվեց խնդիրը:

-Մարզպետը տեղյակ է խնդրին եւ բանակցություններ է վարել գյուղատնտեսության նախարարի տեղակալների հետ: Արդյունքում՝ մայիսի 4-ին երկու փոխնախարար կայցելի մարզ՝ բնակիչների եւ կաթ վերամշակող ընկերությունների հետ հանդիպելու նպատակով: Ամեն դեպքում, մայիսի 4-ին պարզ կլինի:

-Ի՞նչ են պատճառաբանում վերամշակող ընկերությունները, ինչո՞ւ են 20 դրամով էժանացրել կաթի մթերման գինը: 

-Դե շուկայական հարաբերություն է: Օրինակ՝ Լոռու մարզի մի շարք գյուղերից որոշ ընկերություններ մեկ լիտր կաթը 140 դրամով են մթերում: Իսկ մեզ մոտ վերամշակող ընկերությունները պատճառաբանում են, որ Հայաստանից պանիր չի արտահանվում, ինչի համար էլ չեն կարող կաթը այդ գնով ձեռք բերել: Իրացման հետ խնդիրներ կունենան: Բայց մյուս կողմից կաթը մեր գյուղերի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրն է:

-Որո՞նք են այդ վերամշակող ընկերությունները:

-Իգիթ, Ամասիա, Բանդիվան կաթի վերամշակման ընկերություններն են: Բնակիչները մինչեւ մայիսի 4-ը որոշել են կաթ չմթերել, որպեսզի տեսնեն՝ հարցն իրենց օգտին կլուծվի՞, թե` ոչ: Կարծում եմ, որ նշված ընկերություններն այլեւս 170 դրամով կաթ չեն մթերի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս