
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց “փուչիկների” գործով դատաքննությունը:
Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, ինչի հետևանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տվյալ քրեական գործի դատավորն էր Գագիկ Պողոսյանը, մեղադրող դատախազը՝ Հակոբ Մարտիրոսյանը: Սերոբ Բոզոյանի փաստաբանն է հանրային պաշտպան գրասենյակի անդամ Կարեն Մանուչարյանը: Սերոբ Բոզոյանը ճանաչվեց մեղավոր և դատապարտվեց ազատազրկման մեկ տարի ժամկետով, նա պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում: