Ֆրանսիան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ջանքեր գործադրել. այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Վերջինս հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ. «Դրանից մեկ օր առաջ նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարները մոտ ժամանակում առանձին-առանձին կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հայտնել է դեսպանը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ՝ պարզելու համար, թե այս փուլում ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը բանակցային գործընթացից:
-Պարո՛ն Զաքարյան, ի՞նչ կարող ենք ակնկալել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ի. Ալիեւի ձեռք բերված պայմանավորվածություններից, որքանո՞վ է այդ այցը նպաստելու ԼՂՀ հարցի կարգավորմանը:
-Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, միշտ էլ աչքի է ընկել իր անաչառությամբ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերով: Այնպես որ, կարծում եմ, որ դա դրական անդրադարձ կունենա հետագա կարգավորման գործընթացի վրա՝ բանակցությունները շարունակելով:
-Իսկ ավելի կոնկրետ ակնկալիքներ չկա՞ն այս փուլում:
-Կոնկրետ այն է, որ Ադրբեջանը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերի, ու կարեւոր են դրանում նաեւ Ֆրանսիայի ջանքերը:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, կարծես թե, այս ընթացքում չի հաջողվում հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպմանն ու բանակցային գործընթացում տեսանելի շարժի: Ձեր գնահատմամբ` արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն այս հարցում կարող է հաջողել: Ի վերջո, նրա` տարածաշրջան կատարած նախորդ այցից հետո Փարիզում կայացավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:
-Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր երկիր, բնականաբար, ջանում է, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ գործընթացում, քաղաքական եղանակով, ու ինչպես միասնական, այնպես էլ անհատական, առանձին-առանձին իր ճիգերն է գործադրում: Այնպես որ, այս դեպքում ինչ-որ կոնկրետ բան ասելը ճիշտ չէ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ կրկին փորձ է արվում ԼՂՀ հարցը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով:
-Առաջիկայում Հայաստան է ժամանելու «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը պատրաստող խմբի ղեկավար, ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը: Նա արդեն իսկ հանդիպել է Ադրբեջանի իշխանություններին եւ ակնկալում է նաեւ ՀՀ իշխանությունների ընդունելությունը: Ի՞նչ փաստարկներ է պատրաստում ներկայացնել հայկական կողմը, որո՞նք են այն քայլերը, որոնց շնորհիվ մտադիր եք չեզոքացնել այս ոչ հայամետ զեկույցի վտանգները:
-Դա վտանգավոր ու անօգուտ զեկույց է, անօգուտ նրանով, որ քաղաքական որեւէ կառուցողական միջավայր չի ձեւավորի, իսկ վտանգավոր այն առումով, որ կավելացնի կոնֆլիկտը եւ կողմերի միջեւ լարվածությունը:
-Իսկ ինչո՞ւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Ձեր ղեկավարած հանձնաժողովը քայլեր չեն ձեռնարկում այդ զեկույցի կանխարգելման համար, կարծես թե այդ ուղղությամբ ոչինչ չի արվում ՀՀ-ի կողմից. Դուք առավելապես բավարարվում եք զեկույցի վերաբերյալ բացասական հայտարարություններով:
-Մենք արդեն պաշտոնապես հայտարարել ենք, նշել ենք մեր մոտեցումը, ու կարծում եմ, որ պետք է նաեւ ամեն ինչ անել, որպեսզի զեկույցը զերծ մնա կողմնակալ, սխալ եւ վնասակար ձեւակերպումներից:
-Դուք այս զեկույցը համարո՞ւմ եք ՀՀ-ի թերացումը, արդյո՞ք մեր արտաքին քաղաքականության պատասխանատուների թերի աշխատանքի պատճառով է, որ նման զեկույց է ներկայացվելու:
-Դա ավելի շուտ ԵԽԽՎ-ի որոշ շրջանակների ոչ ռացիոնալ մոտեցման արդյունք է: Ես կարծում եմ, որ զեկուցողը առաջին հերթին պետք է մտածի իր զեկույցի հավասարակշռված եւ իրական լինելու մասին, այլապես չեմ կարծում, որ զեկուցողին պատիվ է բերելու ադրբեջանամետ համբավը: Մեր կողմից գործողություններ իրականացվում են, հրապարակային հայտարարություններ արվում են այդ մասին: Աշխատանքը դեռեւս առջեւում է, ու կտեսնենք, թե առաջիկայում ինչպիսին կլինեն զարգացումները:
-Համենայն դեպս, այս փուլում հայկական կողմի ձայնը լսելի չէ…
-Մեր ձայնը միշտ էլ լսվում է, եւ աշխատանքներն ընթացքի մեջ են, տեսնենք, թե շարունակությունն ինչպիսին կլինի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ