Վահագն Դավթյանը` անճարակ ժառանգների և անուշադիր պետության հույսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրողն ապրում է իր ստեղծագործություններով եւ կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կարդում եւ հիշում են նրա գործերը: Մեր բազմաշնորհ բանաստեղծներից մեկին` Վահագն Դավթյանին, այսօր հիշում են առիթից առիթ: Իսկ հիշելու ձեւերը հիմնականում արտաքին դրսեւորումներ են ունենում: Վահագն Դավթյանն ունի արձան, հուշաքար, նրա անունով կա փողոց եւ դպրոց. թվում է, թե ամեն ինչ արված է` բանաստեղծի հիշատակը վառ պահելու համար: Սակայն, բացի այն, որ քանդակի ու հուշաքարի ստեղծման հարցում մեծ դեր ունի ոչ թե պետությունը, այլ բարերարը, եւ գրողին բաժին է ընկել անշուք մի փողոց, կա ավելի կարեւոր խնդիր, որն անտեսվում է:

Թեեւ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ Վահագն Դավթյանն այն հեղինակներից է, որի գրքերը վերջին տարիներին վերահրատարակվել կամ հրատարակվել են պետական պատվերով, Վահագն Դավթյանի դուստրը` Հասմիկ Դավթյանը, մեզ հայտնեց, որ վերջին տարիներին տպագրվել են բանաստեղծի ընդամենը մի քանի գործեր` շատ քիչ տպաքանակով ու անշուք ձեւավորմամբ, եւ ինքը դրանք վերահրատարակելու մեծ ցանկություն ունի. «Բայց ես չունեմ այդ միջոցները, ես այդքան ճարպկություն չունեմ, դռներ թակել չգիտեմ: Մի քանի հոգու դիմել եմ, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել, էլ ի՞նչ կարող եմ անել: Վահագն Դավթյանն էլ որդի չունի, որ հոր ժառանգությամբ զբաղվի»,- ասաց նա:

Քչերին է հայտնի, որ Վահագն Դավթյանը մի անտիպ պատմական վեպ ունի, որը գրել է իր կյանքի վերջին տարիներին. «Մի անգամ գրականագետ Դավիթ Գասպարյանն ինձ ասաց` էդ վեպը պահի…Չհասկացա, թե ինչու այդպես ասաց, դրանից հետո մտածում եմ` տպել, թե ոչ»,- նշեց գրողի դուստրը` հավելելով, որ Վահագն Դավթյանի գրական ժառանգության ճակատագրով պետք է մեծապես հետաքրքրվեն գրողների միությունն ու գրականության ինստիտուտը:

Իսկ, ահա, Էդվարդ Միլիտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ, օրինակ, անտիպ վեպի մասին պետք է մտածեն գրողի ժառանգները, եւ ՀԳՄ-ն իրավունք չունի հատել ժառանգների իրավունքների սահմանը. «Ժառանգության տերը ժառանգն է, ՀԳՄ-ն չէ»,-շեշտեց նա:

«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց` արդյո՞ք ժառանգները երբեւէ մտածել են գրողի տունը թանգարանի վերածելու շուրջ, այդ հարցով դիմե՞լ են պատկան մարմիններին: «Մեծ ուրախությամբ կհամաձայնեի այս տունը թանգարանի վերածել, սակայն չեմ կարծում, թե մեզ այդ հարցում կընդառաջեն: Բանն այն է, որ այս տանը միայն իմ ընտանիքը չի ապրում. առաջին հարկում քույրս է ապրում` իր ընտանիքով, երեք երեխա ես ունեմ, երեքը` ինքը…Սա մի քիչ բարդ հարց է՝ ո՞ւր տանենք մեր ընտանիքներին. դա անհնարին ինչ-որ բան է»,-պատճառաբանեց նա:

Հ. Դավթյանը, լինելով հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, մեզ հետ զրույցում ցավով նշեց, որ դպրոցական ծրագրից կարծես միտումնավոր կերպով հանվել են Վահագն Դավթյանի գործերը: «Դասագրքերի կազմման հարցը թողել են մեկ հոգու. նրա ճաշակի համաձայն են ընտրվում հեղինակներն ու գործերը»,- մեկնաբանեց բանաստեղծի դուստրը:

Նրա խոսքով` ինքը շատ անգամներ դիմել է դասագրքեր կազմողին` Դավիթ Գասպարյանին, սակայն վերջինս կոպիտ ձեւով անպատվել է իրեն. «Մի անգամ գրողների միությունում բարձրացրի այդ հարցը, Դավիթ Գասպարյանն ինձ անպատվեց, ես ճնշված դուրս եկա, ոչ ոք ինձ չպաշտպանեց, այնինչ քննարկմանը ներկա էին ՀԳՄ տեղակալը եւ մի շարք գրականագետներ»,- պատմեց Հ.Դավթյանը` հավելելով, որ Դավիթ Գասպարյանը սովորաբար ինքն իրեն արդարացնում է` նշելով. «Վահագն Դավթյանի մասին գիրք եմ գրել, էլ ի՞նչ եք ուզում»:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Դավիթ Գասպարյանից, սակայն վերջինս, մեզնից լսելով միայն հետեւյալ նախադասությունը` արդյոք չե՞ք կարծում, որ Վահագն Դավթյանն այսօր քիչ գնահատված բանաստեղծ է, տվեց ոչ ադեկվատ պատասխան. «Ես չեմ ուզում Ձեզ հետ զրուցել, այլեւս չզանգե՛ք»:

Իսկ Էդվարդ Միլիտոնյանը, լսելով Հասմիկ Դավթյանի մտահոգությունների մասին, ասաց. «Եթե ժառանգը հարցեր ունի, թող գա այստեղ, քննարկենք, տեսնենք` ինչ է ուզում…»:

Վահագն Դավթյանի ժառանգներն են անճարակ, դասագիրք կազմողներն են աչառու, թե պետությունն է անուշադիր, կարծես արդեն էական էլ չէ, փաստը մնում է փաստ, որ Վահագն Դավթյանի գործերը դպրոցներում գրեթե չեն անցնում, նրա անտիպները չեն տպագրվում, գրքերն էլ լուրջ ծավալով չեն վերահրատարակվում, իսկ նրա տուն-թանգարանի բացումն անհնարին մի բան է թվում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս