ՏՂԱՄԱՐԴ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանդես է եկել հերթական ցնցող  հայտարարությամբ: Անդրադառնալով իր ոչ վաղ անցյալի դաշնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի` նախօրեին արած հայտարարությանը, թե նա չի պատրաստվում վայր դնել իր մանդատը, Հովհաննիսյանն ասել է. «Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար ցավ եմ ապրում»: Մի կողմ թողնելով հարցադրումը, թե արդյոք Հովհաննիսյանը ցավ չէր ապրի, եթե Քոքոբելյանն անձամբ չհրապարակեր իր սուտը կամ այն հերթականը չլիներ` անդրադառնանք հայտարարության բուն ասելիքին. «Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներ»-ից, «Ժառանգություն»-ից ու քաղաքացիական հոսանքներից, որոնք անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայց եւ` հիմնավոր ու ապագայամետ»,-ասում է Րաֆֆին` իր հաջորդ իսկ նախադասությամբ հերքելով համատեղ պայքարի` «հիմնավոր եւ ապագայամետ» լինելու պնդումը: «Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ` մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ»: Հիմա չհասկացանք, բա այդ ի՞նչ տեսակ հիմնավոր պայքար էր` հիմնված «չհիմնավորված վստահության» վրա:  Տաֆտալոգիա է ստացվում, բայց դե` Րաֆֆու մտքերն ու քայլերը մեկնաբանելիս դա պարզապես անխուսափելի է:
Փաստորեն, շուրջ քսան տարի քաղաքականությամբ զբաղվող ՀՀ նախկին արտգործնախարարն իր որոշումները կայացնում է՝ ահա այսպիսի սենտիմենտների վրա հիմնվելով, եւ դեռ այդքանից հետո խոսում է քաղաքական նպատակահարմարությունից. «Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ»: Ուշագրավ է, որ Հովհաննիսյանը ոչ մի խոսք չի ասում սեփական պատասխանատվության մասին` առաջին հերթին իր այն խաբված կուսակիցների առջեւ, որոնք անցած տարիներին անձնվիրաբար աշխատեցին Ազգային Ժողովում, որպեսզի «Ժառանգության» վարկանիշը բարձրանար, եւ դրա հաշվին այս խորհրդարանում  Րաֆֆու քաղաքական կարճատեսության հետեւանքով հայտնվեին բոլորովին այլ մարդիկ:  Եվ հիմա, փաստորեն, Րաֆֆին հայտարարում է, որ Քոքոբելյանն իրեն «քցել է»: Բայց չէ՞ որ ինքն  էլ «քցեց» Անահիտ Բախշյանին, Լարիսա Ալավերդյանին, Ստեփան Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, նաեւ Կարինե Հակոբյանին:  Այնպես որ, պետք  չէ սուրբ ձեւանալ, ի վերջո` քաղաքականությունը լուրջ զբաղմունք է, որտեղ տեղ չկա մանկամիտների ու իրական սրբերի համար: Իսկ եթե պարոն Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, անկեղծորեն էր հավատացել Խաչատուր Քոքոբելյանի «տղամարդու խոսքին», ապա  նա հավանաբար մոռացել էր միակ տղամարդու մասին Ռոբերտ Քոչարյանի խոսքերը:




Լրահոս