ԼՂՀ-ում թեժ պայքար է գնում ՀՅԴ-ի և Աշոտ Ղուլյանի կուսակցության միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախում խորհրդարանական ընտրությունների համար  պայքարում է յոթ կուսակցություն: Այս յոթ կուսակցությունից անվիճելի առաջատար է համարվում «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Այժմ ընթանում է երկրորդ ու երրորդ տեղերի համար պայքար: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ պայքարը մղում են ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի Ժողովրդավարական կուսակցությունն ու ԼՂՀ ՀՅԴ-ն, որը ղեկավարում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Մեր թղթակիցը հարցումներ է անցկացրել արցախցիների շրջանում, որից պարզ է դառնում, որ բնակչությունն ընդդիմադիր է համարում «88-շարժում» կուսակցությանը, որը ղեկավարում է ազատամարտիկ Վիտալի Բալասանյանը և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն էլ ղեկավարում է Հայկ Խանումյանը:

Ըստ արցախցիների` Հայկ Խանումյանի գաղափարակիցը նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն է: Նրանք նշում են, որ հենց Բաբայանն է առաջանորդում այս կուսակցությունը, իսկ որոշներն էլ նշում են, թե իրականում Բաբայանը ոչ մի առնչություն չունի այս կուսակցության հետ և դրանք անհարկ շահարկումներ են:

Նշենք, որ այս հինգ կուսակցութուններն են, որ Արցախում դերակատարում ունեն, և շատերը նշում են, թե  մյուս երկուսը չեն հաղթահարի նվազագույն  շեմը և չեն հայտնվի խորհրդարանում: Դրանք են «Խաղաղություն և զարգացում» և ԼՂՀ կոմունիստական կուսակցությունները:

Անվիճելի փաստ է, որ առաջատարը վարչապետի ղեկավարած կուսակցությունն է, որն էլ ամենաշատ պատգամավորները կունենա խորհրդարանում: Հիմնական պայքարը գնում է ՀՅԴ-ի և Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունների միջև. նրանք պայքարում են խորհրդարանում ավելի մեծ թվով պատգամավորներ ունենալու համար:




Լրահոս