Երեկ վերջապես հայտնի դարձավ, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներից ստախոսը ՀՀՇ երբեմնի փոխնախագահ, այժմ ԱԴԿ նախագահ Խաչիկ Քոքոբելյանն է:
Հիշեցնենք, որ Խ.Քոքոբելյան-Ր.Հովհաննիսյան՝ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո ԱԴԿ նախագահը հերքել էր Ր.Հովհաննիսյանի հայտարարությունները, թե իրենք պայմանավորվել են պատգամավոր ընտրվելուց հետո վայր դնել մանդատները: Ավելին նա ասել էր, թե ինքնաբացարկի մասին պատկերացումը ստեղծվել է թյուրըմբռնման հետեւանքով:
Այնինչ Ր.Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել՝ Քոքոբելյանին ուղղակի մեղադրելով ստախոսության մեջ: «Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում»,-հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այլեւս իրեն ցանկալի չէ որեւէ հարցում Քոքոբելյանի սատարումը:
Երեկոյան ԱԴԿ ղեկավարն էլ իր հերթին է պատասխան հայտարարություն տարածել, ընդ որում, այդպես էլ չի հերքել իրեն սուտ խոսելու մեջ ներկայացվող մեղադրանքները: Նա ընդամենը ափսոսանք է հայտնել «Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված հուզական հայտարարության կապակցությամբ», նաեւ նշել է, թե «ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում մեկ այլ անհատի կողմից»:
Ուշագրավն այն է, որ Քոքոբելյանը մշտապես հայտնվում է նման պատմություններում եւ ամեն անգամ նախկին գործընկերները նրան մեղադրում են «կուսակցություն պառակտելու փորձերի», «ընկերներին քցելու» սովորության, լավագույն դեպքում՝ «սուտ խոսելու» մեջ: Համենայնդեպս, Քոքոբելյանը սկանդալով դուրս եկավ ՀՀՇ-ից, իսկ նախկին կուսակիցները նրան մեղադրեցին ՀՀՇ-ն պառակտելու փորձերի մեջ: Հետո Քոքոբելյանի հետ չկարողացան «յոլա գնա» իր հետ ՀՀՇ-ից հեռացած ու ԱԴԿ-ն հիմնադրած գործիչները, արդյունքում՝ ԱԴԿ վարչության անդամներից մի քանիսը Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ հեռացան կուսակցությունից: Հիմա էլ, փաստորեն, փոզմիշ եղավ «Ժառանգության» հետ նրանց համագործակցությունը, եւ արդեն նախկին գործընկերը նրան մեղադրում է ստախոսության մեջ:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով կատարվածին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե Ր.Հովհաննիսյանն իր հայտարարությամբ տվել է բոլոր հարցերի պատասխանները եւ ինքը ավելացնելու ոչինչ չունի: Ըստ նրա՝ Ր.Հովհաննիսյանի հայտարարությունը վերաբերում է բացառապես Քոքոբելյանին, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ կլինի ԱԴԿ-ի ու իրենց կուսակցության համագործակցության հարցը: Մեր հարցին, թե չեն փոշմանել նման համագործակցության համար, պատասխանեց. «Չգիտեմ, ցանկացած դեպքում դժվար է այս պահին որեւէ մեկնաբանություն անելը»:
ՔՈՔՈԲԵԼՅԱՆՆ ԷԼԻ ԽԱԲԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ