ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ Է
«Հայրենակիցներ» վիճահարույց ծրագրի շուրջ հայկական եւ ռոսական կողմերի հակասությունները շարունակում են խորանալ: Ինչպես օրերս ԱԺ-ում նշել էր Տիգրան Սարգսյանը, այն ձեւը, որով ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում, անընդունելի է մեզ համար, ինչի մասին տեղեկացված է նաեւ ռուսական կողմը: Դրան հետեւել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանի ոչ այդքան դիվանագիտական արձագանքը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ այդ հարցը քննարկվել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի  նիստում, որի մասին «Ազատություն» ռ/կ-ին որոշ մանրամասներ է հաղորդել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը. «Կողմերը մնացել են իրենց դիրքորոշման մեջ. դա նշանակում է, որ ռուսական կողմն արձանագրությունում գրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ծրագրի իրականացման հարցում: Իսկ հայկական կողմը ընդգծել է, որ ինքը կատեգորիկ դեմ է այդ ծրագրի իրականացմանը»:

ԷԼԻ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ ներկայացել են «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն եւ պահանջել  ս. թ. մայիսի 25-ին «Սիվիլիթաս»-ին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը:

ԸՆՏՐՈՎԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն իր ընկերների միջոցով փոխանցել է նամակ` ուղղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին, որտեղ մասնավորապես ասված է. «Պարո՛ն դեսպան, կարդացի Ձեր մտահոգությունը պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Չմեկնաբանելով եւ որեւէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարության մասին՝ չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի եւ իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության եւ ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից»:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 12-ին Երեւանում հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Կիեւյան կամրջից 72-ամյա մի տղամարդ իրեն ցած է նետել: Ըստ ականատեսների՝ ինքնասպանությունից առաջ տղամարդը եղել է կնոջ եւ աղջկա հետ: Պարզվել է, որ ինքնասպանը Հարավարեւմտյան թաղամասի բնակիչ է: Նա ինքնասպանությունից առաջ դատարկել է գրպանների ողջ պարունակությունը եւ դուրս եկել տանից: Կինը, ինչ-որ բան կանխազգալով, հետեւել է նրան, սակայն չի կարողացել կանխել ողբերգությունը:

ԻՐ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ
Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ ՕԵԿ-ական փոխքաղաքապետ Ռուդիկ Հովհաննիսյանի փոխարեն նշանակել է իր քրոջ ամուսնուն` Ռուբեն Սանոյանին, որը նախկինում զբաղեցրել է Շիրակի փոխմարզպետի  պաշտոնը: Իսկ Վարդան Ղուկասյանի հետ հեռացած կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի փոխարեն նշանակել է իր սանիկին` թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանին:

ՑԱՎՈՔ
Երեկ՝ երկար ընդմիջումից հետո, առաջին անգամ օգտագործվեց «Հրազդան» մարզադաշտը: Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլում մեր հավաքականի տղաները իրենց ուժերը չափեցին Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականի հետ: Չնայած տասնյակ հազարավոր երկրպագուների աջակցությանը՝ մեր հավաքականը պարտվեց 1:3 հաշվով: Ի դեպ, հեռուստահաղորդավարը 33-րդ րոպեից նոր սկսեց մեկնաբանել խաղը:




Լրահոս