Ինչու է Սամվել Կարապետյանը գնում ՀԷՑ-ը. գործարքը մոտ է ավարտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ արդեն մոտ երկու ամիս է՝ քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից գնելու հանգամանքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարքը մոտ է ավարտին, եւ առաջիկայում համապատասխան պայմանագիրը կկնքվի:

Երբ առաջին անգամ՝ այս տարվա մարտի սկզբին, նման գործարքի հնարավորության մասին լուրը տարածվեց, այդպես էլ անհասկանալի մնաց նախ՝ թե ինչպես է դա հնարավոր, եւ Սամվել Կարապետյանի ինչին է պետք ՀԷՑ-ը գնելը:

Գործարքի հնարավորության հարցում կասկածները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀԷՑ-ը ոչ միայն ընկերություն է, այլ նաեւ քաղաքական գործիք: Ժամանակին Ռուսաստանը բավական ռեսուրս է ծախսել՝ ՀԷՑ-ը` ի դեմս «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի, իր սեփականությունը դարձնելու համար: Ուստի ինչպես կարող է նման պայմաններում Ռուսաստանը համաձայնել վաճառել իր բաժնետոմսերը մեկ այլ ընկերության: Սակայն ողջ խնդիրն այն է, որ տվյալ դեպքում գնորդը կրկին ռուսական, Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունն է լինելու: Ինքը՝ Սամվել Կարապետյանը, համարվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարարներից մեկը եւ վայելում է այդ երկրի իշխանությունների համակրանքը: Մյուս կողմից՝ նրան պատկանող «Տաշիր գրուպը» նույնքան ռուսական ընկերություն է, որքան ՀԷՑ-ի ներկայիս սեփականատեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը: Այլ կերպ ասած՝ եթե կա մեկը, ով կարող է ՀԷՑ-ը գնել, եւ ում դեպքում պաշտոնական Մոսկվան դեմ չի լինի, դա հենց Սամվել Կարապետյանն է:

Սակայն գործարքն ունի նաեւ կոմերցիոն կողմ: Սամվել Կարապետյանն, իհարկե, կարող է թույլ տալ Հայաստանում միլիոնավոր դոլարների բարեգործություն կատարել, կարող է մի քանի միլիոն դոլար հատկացնել, ասենք, եկեղեցի կառուցելու համար եւ այսպես շարունակ, բայց նա գործարար է եւ ընկերություն գնելիս չի կարող հաշվի չառնել գործարքի շահավետ լինել-չլինելու հարցը: ՀԷՑ-ի գործարքը հենց այս տեսանկյունից է առավել խոցելի, քանի որ վաղուց հայտնի իրողություն է, որ այդ ընկերությունը հարյուրավոր միլիոն դոլարի պարտքեր է կուտակել: Ուստի Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնելով՝ մեծ բեռ կվերցնի իր ուսերին: Նա ստիպված է լինելու ՀԷՑ-ը «ուշքի» բերելու համար հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսել: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով է, որ բնական հարց է ծագում՝ Սամվել Կարապետյանի ինչի՞ն է պետք ՀԷՑ-ը: Պարզվում է՝ նրան ոչ էլ պետք է այդ ընկերությունը, պարզապես հանգամանքների բերումով նա խոստացել է այդ գործարքն իրագործել եւ ստիպված է այն իրագործել` իր խոսքը գետնով չտալու համար:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա փետրվարի 15-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատերազմ հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, Սամվել Կարապետյանը ժամանել էր Հայաստան` կողմերին հաշտեցնելու համար: Մեր տեղեկություններով՝ երբ արդեն կողմերը համաձայնության են հանգած եղել, եւ հակամարտությունը, կարելի է ասել, հանգուցալուծված է եղել, «ռազբորի» մասնակիցները նստած ծրագրերից են զրուցել, Սամվել Կարապետյանն ասել է, որ ինքը պատրաստ է՝ որքան հարկավոր է ներդրում կատարել Հայաստանում, տնտեսության զարգացմանը օժանդակելու համար եւ ցանկացել է ճշտել, թե ինչ կարելի է անել, ո՞ր ոլորտում է անհրաժեշտ ներդրում կատարել: Այդ զրույցի հիմնական մասնակիցներն են եղել Սամվել Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հենց այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանն առաջարկել է Սամվել Կարապետյանին գնել ՀԷՑ-ը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը մոտավորապես այսպիսի առաջարկ է արել՝ եթե իրոք ցանկանում ես օգնել, ապա կարող ես՝ գնի՛ր ՀԷՑ-ը, քանի որ այդ ընկերությունում վիճակը տարեցտարի վատանում է, իսկ դրա արդյունքում էլէներգիան գնալով թանկանում է, ինչն ուղղակի վնասում է Հայաստանի տնտեսությանը: Ուստի, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինքը հենց այնպես էր ասում, որ պատրաստ է՝ որքան պետք է՝ այդքան գումար ներդնել` Հայաստանի տնտեսությանն օգնելու համար, Սամվել Կարապետյանը ներկաների առջեւ պարտավորվել է գնել ՀԷՑ-ը եւ կարգավորել այդ ընկերությունում ստեղծված իրավիճակը:

Այլ կերպ ասած՝ Սամվել Կարապետյանն ինքն իր խոստումների պատճառով մի պարտավորություն է ստանձնել: Ու երբ արդեն պաշտոնապես գործարքը կկնքվի, եւ ՀԷՑ-ը կդառնա «Տաշիր Գրուպի» սեփականությունը, նա պետք է ամեն ինչ անի՝ էլէներգիայի թանկացում այլեւս թույլ չտալու եւ համակարգի գործունեությունը բնականոն ապահովելու համար: Հակառակ դեպքում, եթե այժմ էլէներգիայի գների անընդհատ թանկացման համար մարդիկ ՀՀ իշխանություններին ու ռուսներին են հայհոյում, ապա այն ժամանակ արդեն կոնկրետ Սամվել Կարապետյանին կուղղեն իրենց հայհոյանքը, ինչը նա թույլ չի տա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս