Գյուղապետին մեղադրում են դիզվառելիքի յուրացման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը տարիներ շարունակ գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պատճառը գյուղացիների անվերջ բողոքներն են գյուղապետի աշխատանքային գործունեությունից: Տեղեկացնենք, որ Սուսերի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008 թվականից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է 564 լիտր դիզելային վառելանյութ: Հիմա էլ գյուղացիները կրկին բողոքում են, որ Գ. Զաքարյանը իրենց հասանելիք դիզելային վառելանյութը չի հատկացնում:

Արագածոտնի մարզի Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը վերջին մի քանի տարիներին հասցրել է երկու անգամ հայտնվել դատարանում: Նշենք, որ Զաքարյանը 23 տարի է, ինչ Սուսերի գյուղապետն է: Նա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներից մեկին՝ Ալբերտ Ստեփանյանին, ծեծի է ենթարկել:

Ըստ քրեական գործի նյութերի՝ գյուղապետ Զաքարյանը, ով նաեւ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, ուսուցչանոց մտնելիս նկատել է, թե ինչպես է ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը «փռված ձեւով նստած», եւ իր պարտքն է համարել հորդորել փոխել նստելաձեւը: Վերջինս էլ պատասխանել է, թե՝ դու չէ, որ պիտի ասես` ոնց նստեմ: Հենց այս արտահայտությունն էլ ծեծկռտուքի պատճառ է դարձել, որի հետեւանքով գյուղապետը հայտնվել է դատարանում: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ ուսուցիչներին մեղավոր է ճանաչել եւ 100 հազարական դրամի չափով տուգանել: Այս ամենից հետո գյուղապետի կնոջը, ով այդ ժամանակ դպրոցի տնօրենն էր, մարզպետ Սարգիս Սահակյանը անհասկանալի պատճառաբանությամբ որոշել է ազատել տնօրենի պաշտոնից: Այս պահին դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է:

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծեծկռտուքից հետո Զաքարյանը այս տարվա սկզբին հայտնվել է այլ պատմության մեջ. այս անգամ նրան մեղադրել են պաշտոնական դիրքը չարաշահելու եւ զգալի չափերի յուրացումներ կատարելու մեջ:

Այսպիսով, Զաքարյանը 2008-2010 թվականների ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է 176 հազար 901 դրամ արժողությամբ 564 լիտր դիզելային վառելանյութ: Եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նշենք, որ այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի կամ յոթհարյուրապատիկի չափով:

Ինքը՝ գյուղապետ Զաքարյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դատաքննությունը նախօրեին է ավարտվել, գործը փակվել է, քանի որ ինքն իր անձնական միջոցներից փոխհատուցել է պատճառված վնասը: Ըստ նրա` մեկ ամիս անց վճիռը կմտնի օրինական ուժի մեջ: «Ես համայնքապետարանին պատճառած վնասը փոխհատուցել եմ՝ 176 հազար 956 դրամ: Ես իմ մեղքն ընդունել եմ, բայց չեմ յուրացրել: Դա հաշվապահական սխալ էր»,- արդարացավ Զաքարյանը: Նրա պատմելով՝ իրավապահները դեռեւս 2008-2012 թվականներին գյուղացիներից ստացված բողոքների հիման վրա գյուղապետարանում ստուգումներ են իրականացրել: Ստացվում է, որ յոթ տարի շարունակ իրավապահները ստուգումներ են իրականացրել, բայց հարցը միայն այս տարվա մարտի 5-ին է մտել դատարան:

«Դե, անձնական հարցերով բողոքներ են եղել մի քանիսից: Եվ գյուղապետարանի ողջ հաշվապահությունը ստուգվել է: Այդ գործը դիզելային վառելիքի հետ է կապված, որով 2010 թվականին աղբահանություն է իրականացվել: Ու այդ աղբահանության համար մենք ժողովրդից ոչ մի լումա չենք գանձել: Դիզվառելիքը գյուղում պտտվող տրակտորի մեջ ենք լցրել: Տրակտորն էլ աղբահանում էր կիլոմետրուկես հեռավորության վրա, աղբը տանում-դատարկում էր: Ու հենց այդ դիզելային վառելիքի մասով ակտ է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով այդքան թղթերի մեջ այդ մի ակտը ստուգողները չգտան: Այսինքն` ինձ վրա պակասորդ մնաց: Ու ես հայտնվեցի դատարանում»,- ներկայացրեց գյուղապետը:

Մինչդեռ Սուսերի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ գյուղապետը այդ «հափշտակած» դիզելային վառելանյութը բաժանել է իր բարեկամներին եւ ծանոթներին: Ավելին` գյուղացիների պատմելով՝ նա հիմա էլ չի տրամադրում իրենց հասանելիք դիզելային վառելանյութը: Գ. Զաքարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեց՝ արդարանալով. «Ես իմ բարեկամներին դիզելային վառելանյութ չեմ բաժանել, դա հասել է այն բնակիչներին, ովքեր նախապես հերթագրվել էին: Այս տարի գյուղապետարանը ստացել է ընդամենը 3 տոննա դիզելային վառելիք, որն էլ բաժանվել է այն մարդկանց, ովքեր նախապես հերթագրվել էին»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս խնդրի շուրջ դատարանում էին հայտնվել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետեր: Ըստ մեղադրանքի` գյուղապետերը գյուղացիներին հատկացված էժան դիզվառելիքի փաստաթղթերը կեղծել էին` ներկայացնելով, թե իբր գյուղացիներն այն ստացել են, իսկ դիզվառելիքից ստացված գումարները յուրացրել էին: Խոսքը ավելի քան 50 մլն դրամի մասին էր: Տեղեկացնենք, որ գյուղացիներին դիզվառելիք հատկացվում է պետական աջակցության շրջանակներում` ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն: Իսկ վառելիքը տրամադրում էր «Ֆլեշ» ընկերությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս