Լայանան` մայրության, պլաստիկ վիրահատության ենթարկվելու լուրի և ստեղծագործական դադարի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լայանան (Լիաննա Թեւոսյան) դստեր ծնունդից հետո իր ողջ ժամանակն ու էներգիան նվիրել է նրան: Ու քանի երգչուհին վայելում է մայրության բերկրանքը, երկրպագուներն անհանգստանում են, որ նրա ստեղծագործական դադարը երկար կտևի: «Ժողովուրդ»-ը Լայանայի հետ զրուցել է նրա նոր կարգավիճակի, առաջիկա անելիքների, երգչուհու անվան շուրջ պտտվող խոսակցությունների եւ այլ թեմաների շուրջ:

layana

-Լայանա՛, գիտենք, որ շատ էիք սպասում Ձեր առաջնեկի ծնունդին: Այժմ, ինչպես տեսնում ենք, անմնացորդ տրվել եք նրան, մայրական բերկրանքից զատ մեծացե՞լ է պատասխանատվության զգացումը:

-Մայրությունն անհավատալի մի զգացողություն է, սկզբնական շրջանում չէի հավատում, որ արդեն երեխա ունեմ, հիմա 10 րոպե նրան չտեսնում, կարոտում եմ, զգում եմ, թե որքան կարեւոր էակ է ինձ համար, ընդհանրապես չեմ քնում, ինքս էգոիստ մայրիկ չեմ, երեխայիս կերակրում եմ կրծքով, իսկ դա անբացատրելի երջանկություն է: Ինձ համար միշտ անհասկանալի են եղել երեխայի սեռին առնչվող քննարկումները. նա իրենով արդեն մի կյանք է: Իհարկե, ինձ մոտ մեծացել է նաեւ պատասխանատվության զգացումը, բայց հենց երեխայիս գիրկս եմ առնում, մոռանում եմ ամեն ինչի մասին:

-Երկրպագուները մտավախություն ունեն, որ ասպարեզից երկար ժամանակով «կկորչեք»:

-Չեմ կարծում, թե նման բան կլինի: Պարզապես պետք է հասկանալ, որ հղիությունը, մայրությունը փոխում են կնոջ կազմվածքը: Հիմա սպասում եմ նախկին կազմվածքս վերականգնեմ եւ նոր միայն բեմ դուրս գամ: Ամեն բան իր ժամանակն ունի, չեմ կորչի: Շատ գործեր ընթացքի մեջ են, մի պարային երգ ունեմ, որն արդեն պատրաստ է, մտադիր եմ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել:

layana2

-«Գոհար» սիմֆոնիկ երգչախմբի մեներգչուհին լինելուց հետո դժվար չէ՞ր ռեստորանում երգելը:

-Բայց ռեստորանում բոլորն են երգում, հաշված թվով մարդիկ են, որ հանդես չեն գալիս ո՛չ ակումբում, ո՛չ ռեստորանում: Եթե գումար աշխատելու գործոնը մի կողմ դնենք, պետք է հաշվի առնենք նաեւ, որ ռեստորանում ամենօրյա աշխատանքը երգչի համար մարզանքի պես մի բան է: Թող մարդիկ քննադատեն, ինձ համար միեւնույն է: Եթե ես ռեստորանում եմ երգում, դա դեռ չի նշանակում, որ ես անորակ երաժշտություն եմ մատուցում հանդիսատեսին. երգում եմ իմ ճաշակով երգեր, ես ռեստորանին չեմ ենթարկվում, այլ ռեստորանն եմ ինձ ենթարկեցնում: Այնտեղի լսարանի համար երգելն էլ համերգ է, ընդ որում, պատասխանատու համերգ: Երբեմն կարեւոր դեմքեր են այցելում ռեստորան, օրինակ` Փարիզի քաղաքապետը, Վրաստանի վարչապետը, մենք ռեստորանում ներկայացնում ենք հայկական մշակույթը, եւ նրանք տպավորված դուրս են գալիս: Ես «Գոհար» երգչախմբում եմ երգել, «մեծացել», ուրիշը դառնալ չեմ կարող:

-Վերջերս կայքերից մեկը Ձեզ ընդգրկել էր անհաջող պլաստիկ վիրահատություններին զոհ գնացած աստղերի ցուցակում: Հետաքրքիր է` երբեւէ դիմե՞լ եք վիրահատական միջամտության:

-Ոչ, երբեք չեմ արել պլաստիկ վիրահատություն, անգամ ատամ չեմ հանել (ծիծաղում է): Այդ տեղեկությունը տարածողները սուտ ինֆորմացիան հանրայնացնելուց առաջ կարող էին գոնե ինձնից պարզել իսկությունը: Իմ ոչ հայկական քիթն, օրինակ, ժառանգել եմ մորիցս, ով ուկրաինացու եւ հրեայի խառնուրդ է: Առհասարակ, ինքս դեմ չեմ վիրահատական միջամտություններին, սակայն կարծում եմ` ամեն բան չափի մեջ է գեղեցիկ: Հիմա մի ազարտ է մտել հասարակության, մասնավորապես` երիտասարդների շրջանում, մի վիրահատություն որ անում են, հետո ուզում են էլի անել, արդյունքում հոնքի փոխարեն աչքն էլ են հանում: Հաճախ չես կարողանում նայել մարդու դեմքին, դիմագծերին, իսկ վիրահատվածներն էլ երբեմն չեն կարողանում ժպտալ կամ խոսել: Ինքս, ինչպես նշեցի, առայժմ չեմ դիմել վիրահատական միջամտության, մտքիս էլ չկա նման բան: Թող մեծամտություն չթվա, բայց ես գոհ եմ իմ արտաքինից:

layana3

-Ձեր ամուսինը, ով նաեւ Ձեր մենեջերն է, հաճա՞խ է Ձեզ գործնական խորհուրդներ տալիս: Առհասարակ, տանը աշխատանքից խոսո՞ւմ եք:

-Իհարկե, խոսում էլ ենք, վիճում էլ ենք…Նա միակն է, ում հետ ես խորհրդակցում եմ:

-Իսկ Ձեր սկեսուրն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր բեմական կերպարներին:

-Ես եւ նա նույն ճաշակի տեր ենք, բեմական կերպարներիս նա նորմալ է վերաբերվում, շատ ժամանակակից կին է, անգամ ինքն է խորհուրդ տալիս բեմում ներկայանալի լինել: Կարծում եմ` ես էլ նրա պես ժամանակակից մայրիկ կլինեմ (ծիծաղում է):

Աննա Բաբաջանյան




Լրահոս