Հայաստանում մի արատավոր երեւույթ կա. մարդը եթե մի թեթեւ պաշտոն ունի, մտածում է՝ քանի դեռ քաղցր պատառ փախցնելու, օգուտ ստանալու հնարավորություն կա, պետք է օգտվեմ… անվճար: Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն էլ է հավանաբար այդպես մտածել, բայց մարզպետը, դատախազությունը եւ դատարանը փոխել են նրա մտածելակերպը:
Դեռեւս 2009թ. Արարատի մարզպետը դիմել է դատախազություն եւ ասել, որ Վարուժը հողի վարձակալության փողը չի տալիս: Դատախազությունն էլ ուսումնասիրել է մարզպետի հայտարարությունը եւ Վարուժին հրավիրել դատարան՝ պետությանը պարտք մնացած փողերը բռնագանձելու: Գործի նյութերից տեղեկանում ենք, որ Վարուժան Բարսեղյանը 2004-ին մասնակցել է Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող, պետության սեփականությունը հանդիսացող հողերից որոշակի մաս որպես արոտավայր օգտագործելու նպատակով մարզպետարանի անցկացրած մրցույթին: Բնականաբար, հաղթել է եւ նույն թվականի մարտին Արարատի մարզպետի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով:
Ըստ այդմ, Վարուժանը 25 տարի պետք է օգտագործեր 300 հա գյուղատնտեսական նշանակության հողը եւ պետբյուջե վճարեր համապատասխան գումարներ: Նշված պայմանագիրը հաստատվել է նոտարի կողմից եւ գրանցվել անշարժ գույքի կադաստրի Վեդու տարածքային ստորաբաժանմունքում: Բայց Վարուժանը խախտել է պայմանագիրը եւ ընդհանրապես չի վճարել վարձակալության գումարները՝ սկսած 2004թ. մարտից մինչեւ 2009-ի հունվար ամիսը: Պարտքը տույժի հետ միասին կազմել է մոտ 2000 դոլար: Պայմանագրի կետի նշյալ խախտումն էլ հիմք է հադիսացել, որ մարզպետարանը միակողմանի, վաղաժամկետ լուծարի պայմանագիրը եւ հողը վերադարձնի համայնքին: Ի դեպ, մարզպետարանը պայմանագիրը լուծելու իրավունք է ունեցել շատ ավելի շուտ՝ պարտավորության կատարումը երեք ամիս ուշացնելու դեպքում: Պարզապես երեւի սպասել են՝ ստուգելու Վարուժանի «հաբրգածության» աստիճանը: Բայց քանի որ մարզպետն այդ գումարները սեփական գրպանը չէր դնելու, պետբյուջե էր մուծելու, ստիպված դիմել է դատախազության օգնությանը: Դատախազությունն էլ դիմել է դատարան՝ վերականգնելու պետության խախտված իրավունքը:
Պատասխանող Վարուժան Հակոբի Բարսեղյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել՝ չնայած պատշաճ կարգով տեղեկացված է եղել դատաքննության վայրի եւ ժամանակի մասին, ու չի ներկայացել դատական նիստին: Իսկ պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Գործում առկա ապացույցները հետազոտելուց հետո Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատախազության՝ պետական շահերի պաշտպանության շրջանակներում բերված հայցը եւ Վեդու քաղաքապետին պարտավորեցրել պետբյուջեին վճարել ե՛ւ պարտք մնացած 632 480 դրամը, ե՛ւ 12 000 դրամ պետտուրքը: Իսկ հողերն էլ հետ են վերցրել: Այնպես որ, Վարո՛ւժ, չխաբվես «քաղաքապետությանդ», պարտքն էլ կտաս, տուրքն էլ, հողերն էլ…
ՎԱՐՈ՛ՒԺ, «ՔԱՂԱՔԱՊԵՏՈՒԹՅԱՆԴ» ՉԽԱԲՎԵՍ՝ ԿՏԱՍ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ