ՀՅԴ-ն այդքան տղամարդկություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ մայիսի 5-ը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը պետք է առաջարկներ ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Մինչ օրս, սակայն, խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է ներկայացրել իր առաջարկությունները, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն էլ հայտարարել է, որ իրենք այդ գործընթացում որեւէ մասնակցություն չեն ունենալու:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք մինչեւ այժմ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները համահունչ են ՀՅԴ-ի մոտեցումներին:

-Պարո՛ն Մինասյան, սահմանադրական բարեփոխումների գործընթացը ի՞նչ փուլում է, կարծես թե խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը չեն շտապում իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին, մինչդեռ ՀՅԴ-ն բավական ակտիվ է այդ հարցում:

-Մեր առաջարկությունները ներկայացված են, հրապարակված են, անգամ քննարկումների որոշակի փուլ ենք մենք անցել: Կա փոխադարձ ըմբռնում եւ ընկալում՝ մեր առաջարկությունների հետ կապված: Ե՛ւ մասնագիտական հանձնաժողովը, ե՛ւ հանրապետության նախագահը մեր քննարկումների արդյունքներում ասում են, որ իրենց համար ընդունելի է: Այլ բան է, որ կարող ենք խոսել մանրամասնությունների եւ փուլերի վերաբերյալ, դա այլ հարց է:

-Իսկ այդ մանրամասների հետ կապված քննարկումները ո՞ր փուլում են, արդյո՞ք ունեք կոնկրետ պայմանավորվածություն:

-Մեր քննարկումները հասել են այն կետին, որ մասնագիտական հանձնաժողովը աշխատում է ոչ միայն հայեցակարգով, այլ նաեւ այդ հայեցակարգին տրված ՀՅԴ-ի առաջարկներով: Այլ կերպ ասած՝ հասել ենք այդ մակարդակին, որ սահմանադրական փոփոխությունների տեքստերը պատրաստելիս անպայման պետք է հաշվի առնվեն նաեւ մեր առաջարկները: Մեր գնահատականները արդեն բուն տեքստերի վերաբերյալ կլինեն, երբ դրանք մեզ կներկայացվեն: Այլ քաղաքական ուժերի կողմից, անկեղծորեն եմ ասում, ես չեմ տեսել կամ լսել առաջարկություններ սահմանադրական փոփոխությունների բովանդակության վերաբերյալ: Դրա անհրաժեշտության կամ հակառակի մասին քաղաքական հայտարարություններ եղել են, բայց այդ հայտարարությունները, իմ գնահատմամբ, համենայնդեպս այս պահին մասնագիտական քննադատության չեն ենթարկվում: Մի բան է քաղաքական հայտարարությունը, այլ բան է այդ հայտարարության ներքո դրվող մասնագիտական հիմնավորումը, որը ես անկեղծորեն չեմ տեսել:

-Ըստ ընդդիմադիր որոշ ուժերի` իրենց ներկայացրած առաջարկությունները իշխանությունները մերժել են, դրա համար էլ իրենք չեն ցանկանում մասնակից լինել գործընթացին:

-Նորից եմ կրկնում, որ իրենց հայտարարությունները եղել են քաղաքական բնույթի, որ անհրաժեշտ է կամ անհրաժեշտ չէ, կամ սահմանադրական փոփոխությունները պետք չեն, որովհետեւ երկրում կան այլ խնդիրներ: Դրանք քաղաքական հայտարարություններ են, դրանք մասնագիտական գնահատականներ չեն, ես ակնկալում եմ մասնագիտական գնահատականներ, որպեսզի կարողանամ համարժեք արձագանքել: Իսկ քաղաքական հայտարարություններին մեր պատասխանը եղել է ու պահպանվում է՝ սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են օդ ու ջրի պես, կառավարման համակարգի հիմնական փոփոխությունները կարող են բերել արմատական վերանայումների, այդ թվում նաեւ իշխանափոխություն իրականացնելու համար իրական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով: Այլ բան, որ համակարգային փոփոխություններ հասկացությունը տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են ներկայացնում: Մենք համարում ենք, որ պետք է փոխվի թե՛ իշխանության կազմավորման մեխանիզմը եւ թե՛ իշխանություն կազմավորող անձինք: Բայց անձանց փոփոխությունը պետք է բերի մեխանիզմի գործադրման, այլ ոչ թե այս կամ այն անձի կամ խմբի ցանկության:

-Կարելի՞ է արձանագրել, որ մինչեւ այժմ սահմանադրական բարեփոխումների գործընթացը տարվում է ՀՅԴ-ի «սրտով»:

-Հայեցակարգի մակարդակով ու մեր առաջարկությունները ներառելու տեսակետից այս պահին՝ այո՛: Սակայն բովանդակային թե տեքստերը ինչ ձեւ կունենան, ինչ դրույթներ կպարունակեն, սա դեռ ապագայում գնահատելու հարց է: Մենք չպետք է մոռանանք, որ սահմանադրական փոփոխություններին պետք է նախորդի հանրաքվեի մասին օրենքի փոփոխություն, որպեսզի հնարավորինս ապահովվի հանրաքվեի արդյունքների նկատմամբ վստահություն, այդ իսկ պատճառով մենք նաեւ շրջանառության մեջ ենք դրել հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների մի նախագիծ:

-Պարո՛ն Մինասյան, նշվում է, որ իշխանություններն ընդունում են ՀՅԴ-ի ցանկացած առաջարկություն, քանի որ ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա են կազմելու: Արդյո՞ք դա է պատճառը, որ իշխանությունները Ձեր նկատմամբ այդքան բարեհաճ են:

-Այն ժամանակ, երբ մենք իշխանություն չենք եղել նորից պնդել ենք սահմանադրական փոփոխությունները՝ կառավարման ձեւի փոփոխությունը, ու նույն խորքային պահանջները դրել ենք: Եղել ենք կոալիցիայի մեջ, նույն պահանջները պահել ենք, դուրս ենք եկել, նույն պահանջները պահպանել ենք: Հիմա, երբ մենք իշխանություն չենք, առաջադրում ենք նույն պահանջները: Եթե համագործակցության առաջարկ եղավ՝ երկկողմանի համաձայնություն, դրա մասին այդքան տղամարդկություն ունենք, որ հայտարարենք, որեւէ մեկի բաժակ նայելու ցանկությանը կամ կանխատեսումներին մենք չենք սպասում, որովհետեւ մենք դուրս ենք գալիս մեր երկրի ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հրամայականից: Եթե մենք կարող ենք այդ հարցում օգնել, եթե անհրաժեշտ է, ուրեմն պետք է մտնենք իշխանություն ու իրականացնենք այդ գործողությունները: Եթե մենք կտեսնենք, որ այդ գործողությունները կարող ենք իրականացնել ընդդիմադիր դաշտում, ուրեմն ընդդիմադիր դաշտում կգտնվենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս