«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հրաժարվեց ընդունել իր առնչությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. «Այո՛, հրաժարվում եմ, չեմ էլ ունեցել»:
Ոչ ոքի գաղտնիչ չէ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը տարիներ շարունակ վստահվել է ԲՀԿ-ին: Ավելին՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն էլ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Եվ հենց այդ տրամաբանությամբ էլ 2014թ մայիսի 6-ին ՀԱՕԿ սպորտվարչության արդեն նախկին պետ Գաբրիել Ղազարյանը նշանակվեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար:
Ինչպես հիշում եք՝ փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության նիստում Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» եւ «կեղծ քաղաքական» երեւույթ համարեց, խոսեց «քաղաքական դաշտը մաքրելու» անհրաժեշտության մասին: Այս ամենից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե. «Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլեւս կուսակցության նախագահ չեմ»:
Ինչո՞ւ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը չգնաց Գագիկ Ծառուկյանի հետեւից եւ չհրաժարվեց նախարարի պաշտոնից, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք նախարարի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, գաղտնիչ չէ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը տարիներ շարունակ վստահվել է ԲՀԿ-ին:
-Ո՞վ է ասում:
-Դա պարզ ճշմարտություն է, հայտնի ամենքին: ՀԱՕԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն է, եւ սպորտի նախարարի պորտֆելը մշտապես եղել է ԲՀԿ-ինը: Ու Դուք այդ կուսակցության շնորհիվ եք նախարար նշանակվել:
-Դուք չարաչար սխալվում եք, ես ներկայացվել եմ ՀՀ վարչապետի կողմից, եւ որոշումը կայացրել է երկրի նախագահը, ինչի՞ մասին է խոսքը:
-Այսինքն՝ Դուք հրաժարվո՞ւմ եք այդ կուսակցությունից:
-Հրաժարվում եմ, չեմ էլ ունեցել:
-Լավ, որպես սպորտի նախարար մի հարց տամ Ձեզ. արդեն անցել է շուրջ 17 աշխատանքային օր, ուսումնասիրե՞լ եք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, այնտեղ լուրջ թերություններ կան սպորտի ոլորտում, մասնավորապես, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման համար:
-Ճիշտն ասած, ընթերցել եմ, բայց մինչեւ վերջ չեմ ընթերցել:
-Ինչո՞ւ, չկարողացա՞ք մինչեւ վերջ դիմանալ պաշտպանի զեկույցում առկա ճշմարտության մասին բարձրաձայնումներին՝ հասկանալու համար, թե ինչ թերություններ կան Ձեր ղեկավարած ոլորտում:
-ՉԷ՛, ժամանակ չկար:
-Գրեթե բոլոր նախարարները, ժամանակի վրա ամեն ինչ գցելով, անտեսում եմ ՄԻՊ զեկույցի կարեւորությունը:
-Ես չեմ անտեսում:
-Նշեցիք, որ ընթերցել եք, բայց ոչ ամբողջական: Ինչքան որ ընթերցել եք, կա՞ր որեւէ բան, ինչի հետ Դուք համամիտ չեք կամ հակառակը՝ կիսում եք պաշտպանի արձանագրած թերությունները:
-Եկեք այդ մասին խոսենք մի ուրիշ օր, երբ ես ամբողջական կկարդամ զեկույցը, լա՞վ:
-Իսկ կարո՞ղ է՝ ընդհանրապես չեք կարդացել, ուղղակի արդարանալու համար ասացիք, թե կիսատ եք կարդացել:
-Ոչ, արդեն ասացի:
-Պարո՛ն նախարար, ապիրլի 18-29-ը Ծաղկաձորում կայացավ շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը, որին, ինչպես նախապես հայտարարվել էր, չմասնակցեց Ադրբեջանի հավաքականը: Սակայն հունիսին Ադրբեջանում կայանալու են Եվրոպական խաղերը: Եվ մարտի 10-ին ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Անվտանգության ի՞նչ երաշխիքով եք մեր մարզիկներին ուղարկում Բաքու: Ձեզ չի՞ մտահոգում, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակն էր պատճառը, որ նրանց մարզիկները չեկան Հայաստան, իսկ մենք մեր մարզիկներին ուղարկում ենք:
-Ես Ձեզ բազմիցս հայտարարել եմ եւ հարկ չեմ համարում մի քանի անգամ կրկնել:
-Դուք հայտարարել եք, որ սպորտը քաղաքականության հետ խառնել պետք չէ, իսկ տղաների կյա՞նքը:
-Ես էլի եմ կրկնում՝ սա սպորտ է, եւ նրանց չգալն Հայաստան իրենց գործն էր:
Հ.Գ Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հույս էր հայտնել, որ. «Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր 2015»-ին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ եւ վստահություն կառուցելուն»: Տեսնենք, թե ինչով կօգնի:
Քնար Մանուկյան