Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանն այն եզակի դիվանագիտական պաշտոնյաներից է, ում հետ չափազանց թույլ են տվյալ համայնքի կապերը, ում պարզապես չեն ընդունում հայ համայնքի ներկայացուցիչները: Պատճառներից գլխավորն այն է, որ ինչպես հայաստանյան շատ դեսպաններ, այնպես էլ Ա. Քոչարյանն այդ երկրում ընդամենը պաշտոնյա է, որը եկել է որոշակի ժամանակաշրջան վայելելու Միջերկրական ծովի գեղեցկությունները, ապրելու ինքնաբավ կյանքով, ապա արդեն հայտնվելու մեկ այլ երկրում: Նա էլ մյուսների պես լավ գիտի, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները դիվանագետներին վատ աշխատելու համար չեն ազատում, այլ «գլորում» են մեկ այլ երկիր՝ այսպես դիվանագիտական ծառայությունը վերածելով ընդամենը արտասահմանյան երկարատեւ գործուղման:
Իհարկե, Լիբանանը եվրոպական երկիր չէ, այստեղ անգամ դիվանագիտական ծառայությունը փոքր-ինչ անհաճո է, որովհետեւ ամեն րոպե կարող են պատերազմական գործողություններ սկսվել, բայց ՀՀ դեսպանատունը գտնվում է քաղաքի բանուկ մասից հեռու՝ մի յուրատեսակ բարձունքի վրա, որտեղ կարող են փակվել այնպես, ինչպես միջնաբերդում եւ չխառնվել շուրջբոլորը ծավալվող իրադարձություններին: Այսինքն՝ գրեթե այդպես էլ աշխատում ու ապրում է Ա. Քոչարյանը՝ ոչ միշտ հետաքրքրվելով համայնքի ու տվյալ երկրի իրադարձություններով: Ոմանք այն համոզմունքն ունեն, թե հատկապես Լիբանանում շատ մեծ պարտականություններ ունի մեր դեսպանը, որովհետեւ այստեղ է մեր ամենամեծ եւ հնագույն գաղութներից մեկը, որտեղ շատ են կրթամշակութային եւ հոգեւոր ազգային կառույցները, եւ, ի վերջո, այստեղ է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը…
Բայց Քոչարյանը բավական հեռու է այս ամենից: Համայնքի շատ ներկայացուցիչներ իրենց դժգոհությունն են հայտնում դեսպանից, սակայն այդ դժգոհություններին ոչ ոք ականջալուր չի լինում, որովհետեւ այս մարդը գնացել է հանգստանալու, հեռու մնալու հայաստանյան դժվարություններից: Ի տարբերություն մեր մի շարք դեսպանների՝ Ա. Քոչարյանը որոշակի դիվանագիտական կրթություն ունի: Ճիշտ է, ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, սակայն դրանից հետո թեկնածուական թեզ է պաշտպանել փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում, հետազոտել պատերազմի եւ խաղաղության խնդիրները: Հետո էլ ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի եւ Հաագայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հատուկ դիվանագիտական դասընթացները: 2002թ. հունվարից եղել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետը: Կարելի է ասել, որ պրոֆեսիոնալ դիվանագիտական կրթություն է ստացել եւ «թրծվել» աշխատանքում: Բայց մինչ այդ էլ աշխատանքային որոշակի ճանապարհ է անցել: Նա արտաքին գործերի նախարարություն է եկել 1992թ., մինչեւ վարչության պետի պաշտոնում նշանակվելը եղել է ռազմաքաղաքական, եվրոպական երկրների եւ միջազգային կազմակերպությունների վարչություններում, մոտիկից ծանոթացել արտգործնախարարության աշխատանքներին:
1997-1999թթ. աշխատել է Վիեննայում՝ ՀՀ դեսպանությունում, որպես 1-ին քարտուղար: 1999թ. նշանակվել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական՝ միաժամանակ ղեկավարելով մարդու իրավունքների բաժինը: 2003թ. մայիսից մինչեւ 2005թ. փետրվարը եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը: Ունի արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: 1988-2000թթ. դասավանդել է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում: Միջազգային հարաբերությունների եւ մարդու իրավունքների ոլորտներին վերաբերող մի շարք հոդվածների եւ թարգմանությունների հեղինակ է: Տեսնո՞ւմ եք՝ ինչ հարուստ կենսագրություն ունի:
Սակայն ՀՀ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնում աշխատելու ժամանակաշրջանը շատերը ցանկանում են մոռացության տալ, որովհետեւ Ա. Քոչարյանն այն եզակի խոսնակներից էր, որը լիակատար կերպով նախագահին մեկուսացնում էր լրատվամիջոցներից, աշխատում այնպես անել, որ ԶԼՄ-ները չկարողանան օպերատիվ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ: Գուցե նման հանձնարարություն էր ստացել, ի՞նչ աներ… Իսկ նրա հանդիպումները լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ միշտ ծիծաղ էին առաջացնում, որովհետեւ երկար ժամանակ արտաքին քաղաքական կառույցում աշխատած մարդը չէր կարողանում քիչ թե շատ հոդաբաշխ կերպով ներկայացնել իր մտքերը…
2005թ. հետո Ա. Քոչարյանից ազատվելու համար նրան սկսեցին դեսպանական առաքելություններով մի երկրից մյուսն ուղարկել: Եղավ Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ոչ ոք չի հիշում, թե ինչ արեց նա այնտեղ, ինչով նպաստեց հայ-հնդկական հարաբերությունների աշխուժացմանը: Մոտ չորս տարի աշխատելով Հնդկաստանում՝ Ա. Քոչարյանը կարողացավ ամրապնդել իր ֆինանսական դիրքերը, ապա 2009թ. նշանակվել դեսպան Լիբանանում: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականության ճարտարապետների համար բնավ էլ մի շարք սկզբունքային հարցեր նշանակություն չունեն. կարեւորն այն է, որ իրենց ցանկալի մեկին ինչ-որ տեղ նշանակեն… ու նշանակել են…
ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ ԴԵՍՊԱՆ, ՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ