«ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ՁՆԱԿՈՒՅՏԻ ՊԵՍ ԱՃՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարարությունում երեկ քննադատել է ոլորտում տեղի ունեցած չարաշահումները: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ վարչապետի՝ առողջապահության ոլորտի չարաշահումների մասին քննադատությունը:
-Գործադիր իշխանության համակարգողը՝ ի դեմս վարչապետի, ապրիլ ամսին` մինչ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը, տարբեր հանդիպումների ժամանակ հայտարարում էր, թե առողջապահության համակարգում իրականացված բարեփոխումները լրջագույն արդյունքներ են տվել: Եւ երեք ամիս հետո բացահայտվում է, որ առողջապահության բնագավառում խայտառակ իրավիճակ է: Տարօրինակ է, չէ՞:
-Վարչապետի վերջին խորհրդակցություններն ինչքանո՞վ արդյունավետ կլինեն:
-Ես կասկածում եմ, որ դրանք արդյունք կունենան: Դրանք առողջապահական համակարգի հատվածային խնդիրներն են: Առաջին հերթին համակարգային խնդիրները պետք է լուծվեն: Պրոբլեմներն այնքան բազմազան են, որ մասնակի եւ հատվածային խնդիրների լուծումները կարճ ժամանակամիջոց անց ի չիք կդառնան: Ինձ թվում է՝ կառավարման եւ առողջապահական քաղաքականության տեսանկյունից ճիշտ կլիներ սկզբում համակարգի քաղաքականության եւ զարգացման խնդիրները քննարկեին, թե ինչ առողջապահություն պետք է լինի մեր երկրում: Այո՛, չարաշահումները բացահայտվել են, եւ դրանք կլուծվեն իրավական հարթության մեջ: Բայց դրանք բնակչության առողջությանը եւ համակարգին ոչինչ չեն տա: Անհրաժեշտ է առողջապահության ոլորտի քաղաքականության հստակ մշակում, որի շնորհիվ համակարգում կնվազեն նման կոռուպցիոն երեւույթները: Բացի այդ, նման չարաշահումներ ողջ աշխարհում են արձանագրվում:
-Ձեր կանխատեսմամբ՝ չարաշահումների հեղինակները կպատժվե՞ն:
-Չեմ կարող հստակ ասել: Դա արդարադատության խնդիրն է: Մեղադրանքները կան կարծես թե, բայց դրանք դեռ պետք է ապացուցվեն: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը որոշել է գործն իրականացնել մինչեւ վերջ, որովհետեւ սրանից վատ այլեւս անհնար է: Դանակը ոսկորին է հասել: Այլեւս անհնար է հանդուրժել:
-Հնարավո՞ր է՝ այս ամենը կապված լինի նախագահական ընտրությունների հետ:
-Հնարավոր է: Չեմ բացառում: Բայց նաեւ զգացվում է, որ պրոբլեմները ձնակույտի պես աճում են: Եւ մի օր պետք է կանգնեցնել այդ պրոցեսը: Միջոցներ պետք է ձեռնարկել: Այսինքն՝ ես այստեղ երկու կոմպոնենտ եմ տեսնում եւ իրոք մտահոգություն Սերժ Սարգսյանի կողմից: Թեեւ փիառի որոշ էլեմենտներ էլ են նկատվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս