ՀԻՄԱ ԷԼ` ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտից, մամուլում լուրեր տարածվեցին, թե Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի 7-հոգանոց թիկնազորը ծեծի է ենթարկել երկու քաղաքացու՝ Արթուր եւ Ռուբիկ անուններով: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ծեծի ենթարկվածներից մեկը աշխատել է Բալասանյանի ընտանիքին պատկանող հրուշակեղենի ֆաբրիկայում որպես անվտանգության աշխատակից: Ըստ լուրերի՝ վեճի պատճառը եղել է տղաներից մեկի՝ Արթուրի աշխատանքից ազատվելը, ինչի առիթով վեճ է ծագել: Արթուրին Ս. Բալասանյանի թիկնապահները ծեծել են նրա կնոջ, երեք երեխաների եւ հարեւանների աչքի առաջ:
Ս. Բալասանյանի թիկնապահների հետ կապված այս լուրերը ճշտելու համար կապ հաստատեցինք վերջինիս մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ, որը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Ս. Բալասանյանը թիկնապահներ չունի եւ չի ունեցել, ու սխալ համարեց ի սկզբանե այդ լուրերը կապել Բալասանյանի անվան հետ:
Ոստիկանության մարզային վարչության եւ Գյումրու բաժնի պետերի հետ կապ հաստատել  չհաջողվեց, քանի որ նրանք չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ից մեզ փոխանցեցին. «Ոչ ոք չի դիմել ոստիկանություն, ոչ ոք չի դիմել նաեւ հիվանդանոց, որ ըստ այդմ՝ ոստիկանությունը զբաղվեր այդ հարցով: Գյումրու տեղական «Գալա» հեռուստաընկերության հրապարակած նյութի հիման վրա ներկայում ոստիկանությունը զբաղվում է այդ գործով: Այս պահին էլ ոչ ոք չի դիմել ոստիկանություն»:
Դեպքի առնչությամբ hraparak.am-ը հրապարակել է գյումրեցիներից մեկի՝ խմբագրություն ուղարկած նամակը: Անդրադառնալով տեղի ունեցածին` քաղաքացին իր նամակի վերջում նշել էր, որ դեպքի օրը լուրերի հավաստիությունը ճշտելու համար ինքը զանգահարել էր «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, որը, ինչպես նամակի հեղինակն է ասում, Ս. Բալասանյանի շրջապատից է. «Նա անմիջապես կապվեց քաղաքապետի հետ եւ մեզ հաղորդեց, որ լսելով Արթուր անունով ծեծված տղայի մասին՝ Բալասանյանը խիստ զարմացել է, ցանկացել է ճշտել Արթուրի ազգանունը, ապա ասել է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր որդին «ախրաննիկներ» չունեն»: Իսկ ահա «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վ. Թումասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ քաղաքացու պնդումը իրականությանը չի համապատասխանում, ինքը չի զանգահարել Ս. Բալասանյանին, ուղղակի մի քանի օր առաջ հանդիպել եւ զրուցել են: Հենց այդ հանդիպման ընթացքում էլ նա քաղաքապետին հարցրել է` նման բան տեղի ունեցել է, թե ոչ: Քաղաքապետն էլ ասել է, որ իրենք Արթուր անունով աշխատակից չունեն:
Նշենք, որ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնել է ընդամենը երկու օր առաջ: Եւ ուշագրավ է, որ դրանից անմիջապես հետո Բալասանյանի անունը սկսեց շրջանառվել  կրիմինալ պատմության շրջանակներում: Մինչդեռ Ղուկասյանից ազատվելու եւ Բալասանյանին առաջադրելու հիմնական շեշտադրումը Գյումրիում քրեաօլիգարխիկ համակարգի վերացումն էր: Հիմա ի՞նչ է ստացվում. Գյումրիում տիրող մթնոլորտը ավանդաբար շարունակվելո՞ւ է:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս