Նախկինում տեղեկացրել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղում սատկել է 4 խոշոր եղջերավոր անասուն: Դիտավանի բնակիչները խիստ անհանգստացած են` կարծելով, որ անասունների համաճարակ է սկսվել: Գյուղի անասնաբույժ Նորիկ Օրդինյանը մեզ հայտնել էր, թե անասունների անկման պատճառը որոշելու համար սատկած անասունների մսից փորձանմուշներ են ուղարկվել Տավուշի մարզի անասնաբուժական լաբորատորիա: Սննդի անվտանգության Տավուշի մարզային տեսչության պետ Վասիլ Ադամյանը, «Ժողովուրդ» օրաթերթում կարդալով նշված հրապարակումը, զանգահարեց եւ մեզ հայտնեց, որ Դիտավանից մարզային լաբորատորիա փորձանմուշներ չեն ուղարկվել: Նա ասաց, որ լաբորատորիայի վարիչն այդ պահին իր կողքին կանգնած է եւ կարող է հաստատել իր խոսքերը: Զանգահարեցինք անասնաբույժ Ն. Օրդինյանին` պարզելու, թե ինչու սատկած անասունների միսը մարզային լաբորատորիա չի ուղարկվել: Նա պատասխանեց, որ անասունների տերերը միսը փորձաքննության տանելու փոխարեն վաճառել են:
«Սատկած անասունների միսը շուկայում վաճառե՞լ են»,-մեր ճշգրտող հարցին ի պատասխան՝ անասնաբույժն ասաց, որ գուցե անասնատերերը միսն իրենք են օգտագործել՝ հավելելով, որ դա մարդկանց առողջության համար վտանգավոր չէ: Անասնաբույժը հայտնեց, որ իրենց մասնագետները, զննելով հիվանդ անասուններին, որոշել են, որ անկման պատճառը արյունային թունավորումն է, որն առաջանում է տզերի միջոցով: Նաեւ ասաց, որ անասնաբուժական մարզային լաբորատորիայի ղեկավարը եւս այդ զննումներին ներկա է եղել: Ն. Օրդինյանի խոսքով՝ իրենք այժմ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ, անասուններին հակաբորբոքիչ դեղեր են սրսկում, եւ անկման նոր դեպքեր չկան: Տա Աստված, որ Դիտավանում ու հարակից գյուղերում համաճարակ եւ անասունների անկման նոր դեպքեր չլինեն, սակայն անասունների սատկելու պատճառը որոշելու համար 21-րդ դարում կիրառված «պապենական» մեթոդները տարակուսանք են հարուցում:
ՊԱՊԵՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ