ԵՐԵՎԱՆ` ԻՄ ՍՐՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին նշելու ենք Երեւանի 2794-ամյակը: Այդ օրը տոնական տրամադրություն է տիրելու քաղաքի տարբեր հատվածներում: Ներկայացնում ենք հայտնի երեւանցիների շնորհավորանքներն ու մաղթանքները:

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Սրտանց շնորհավորում եմ բոլոր երեւանցիներին, մեր հայրենակիցներին քաղաքի ծննդյան առթիվ: Թող Երեւանը գնալով ծաղկի, ու մենք ունենանք այնպիսի քաղաք, որ օտարները ցանկանան այստեղ ապրել: Ես Էրեբունի-Երեւան տոնակատարություններին շատ եմ մասնակցել, ու մի անգամ քաղաքապետն ինձ հարցրեց. «Արա՛ ջան, ինչքա՞ն պետք է վճարեմ, որ դու նվագում ես»: Ես պատասխանեցի. «Ոնց որ մորս ծնունդին նվագեմ, հորիցս փող վերցնեմ»:
-Ի՞նչ է պակասում Ձեզ Ձեր քաղաքում:
-Կար մի երազանք Վահան Զատիկյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ստեղծել այգի. նա չհասցրեց դա անել, սակայն 2001թ. մենք` Էրիկ Անթառանյանի ու նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ միասին հիմնադրեցինք այդ մշակույթի այգին, որտեղ ամեն ծառ իր անունն ունի. գաղափարի հեղինակը ես էի: Ցանկանում եմ, որ ամեն երեւանցի ինչ-որ մի բանով ձեռք մեկնի իր քաղաքին:
-Ձեր քաղաքի ի՞նչն եք սիրում:
-Ես աշխարհում սիրում եմ երկու քաղաք` մեկը Երեւանն է, մյուսը՝ Օդեսան: Այս քաղաքներում մարդիկ հանգիստ են ման գալիս, ճեմում են բոլորը: Մնացած այլ քաղաքներում մարդիկ շտապում են: Մեր քաղաքի այս հանգիստ վիճակն եմ սիրում, երանի բոլորը սոցիալապես ապահովված լինեին ու վայելեին կյանքը:

ՀԱՅԿ ԹՈՔՄԱՋՅԱՆ
-Ի սրտե ու ջերմորեն շնորհավորում եմ իմ սիրելի քաղաքի ծննդյան օրը: Բազմաթիվ քաղաքներում եմ եղել, Երեւանն ինձ ամենահարազատն է: Երբ դրսում եմ, համեմատում եմ այն այլ քաղաքների հետ ու նկատում, թե ինչն է մեզ մոտ թերի, ինչը` առավել: Հեռվից է՛լ ավելի է մեծանում սրտացավ վիճակը: Վերջերս Դանիայում էի ու նկատեցի, որ Կոպենհագենում ոչ մի գովազդային պաստառ չկա: Հետաքրքրվեցի՝ ինչու, պատասխանեցին, որ խանգարում է երթեւեկությանը, փչացնում քաղաքի տեսքը: Իսկ մեզ մոտ ամեն քայլափոխի պաստառներ են:
-Իսկ ի՞նչն է ամենից շատ Ձեզ դուր գալիս Երեւանում:
-Մարդիկ ու նաեւ որոշ բարեփոխումներ, որ նկատում եմ` մի քանի գեղեցիկ շինություններ, կանաչապատումը, ասֆալտած ճանապարհները:  
-Ի՞նչը դուր չի գալիս:
-Մեքենաների առատությունը: Չեմ սիրում նաեւ այն ինքնակամ շինությունները, որ վեր են խոյացել: Հյուսիսային պողոտան ինձ դուր է գալիս, բայց միայն Օպերայից սկսած մինչեւ Տերյան փողոց, հետո արդեն մի տեսակ չոր է, կոպիտ ու անհետաքրքիր: Էլ չեմ ասում, որ կանաչ հրապարակների ու այգիների պակաս շատ ունենք:   

ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
-Սրտանց շնորհավորում եմ երեւանցիներին ու հայաստանցիներին մեր մայրաքաղաքի ծնունդի առթիվ: Թող որ մեր քաղաքը երկար տարիներ մնա խաղաղության մեջ, ոչինչ չխաթարի նրա անդորրը: Մի երազանք էլ ունեմ, որ մեր քաղաքացին դառնա շատ օրինակելի ու արժանավոր իր քաղաքի համար: Ուզում եմ՝ քաղաքի ոգին լինի լավը, մեզանով է քաղաքը շունչ առնում:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ պակասում որպես քաղաքացի:
-Մեր քաղաքի աուրան շատ է փոխվել: Ոչ թե քաղաքը պետք է մեզ պարտավոր լինի, որ մենք իրեն սիրում ենք, այլ մենք նրան: Մենք մեր քաղաքին պետք է անընդհատ ապացուցենք մեր սերը թե՛ կանաչապատելով, թե՛ մաքուր պահելով: Ճարտարապետից սկսած մինչեւ վերջին քաղաքացին, որը որեւէ պաշտոն չի զբաղեցնում, պետք է տոգորված լինի քաղաքի հանդեպ սիրով ու գիտակցի, որ իր քաղաքն իր պատիվն է:
-Դուք ի՞նչ եք անում Ձեր սերը քաղաքին ցույց տալու համար:
-Նախ պահպանում եմ կանոնները թե՛ ղեկի վրա, թե՛ որպես հետիոտն, չեմ աղտոտում  քաղաքը, փորձում եմ կանաչապատել իմ շրջապատն ու մեր բակի տարածքը, ծաղիկներ աճեցնել, օրինակ ծառայել մյուսներին: Իմ ամբողջ կենսագրության մեջ չեմ արել որեւէ բան, որ իմ կողքի մարդն ամաչի կամ ես մեղք զգամ, որ քաղաքիս հանդեպ սխալ բան եմ արել:
Նախկինում լավ էի զգում, երբ դուրս էի գալիս զբոսնելու, հիմա այգիներում դու դարձել ես հաճախորդ, ազատ տեղ չի մնացել, ամբողջն օբյեկտներ են: Սա անխնա վերաբերմունք է մեր քաղաքի նկատմամբ:
-Դո՞ւք էլ եք հին Երեւանը կարոտում:
-Երեւանը շենքերը չեն, մարդկանց համն ու հոտն է, բայց ամեն ինչ փոխվել է. մեր Օպերան դարձել է մեյդան, ոնց որ գյուղերում, երբ երեկոյան բոլորը հավաքվում են իրենց հրապարակում, նստում քարերի տակ ու սկսում զրուցել: Գյուղում դա սիրուն բան է, բայց կենտրոնում…

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս