ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գիտեմ, որ հոկտեմբերի 13-ին սուրբ թարգմանչաց տոնն է: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոնի խորհուրդն ու իմաստը:

Սաթենիկ Հակոբյան (26 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սուրբ թարգմանչաց տոնը  սբ. թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, փիլիսոփա Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսես Կլայեցու տոնն է:
Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական եւ սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին 2 անգամ: 1-ինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ» եւ տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: 2-րդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի եւ Մեսրոպ Մաշտոցի», որը շարժական է եւ նշվում է հոկտեմբերի 3-ից մինչեւ նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են ս. Մեսրոպ Մաշտոցին եւ ս. Սահակ Պարթեւին աշակերտած շուրջ 100 սաներ:
Ունենալով հայ նշանագրերը՝ ս. Մեսրոպը սկսում է ձեւավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը՝ նա առաջին անգամ թարգմանում է Սուրբ գրքի հետեւյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով: Այս Աստվածատուր նվերից հետո ս. Մեսրոպը վերադառնում է Հայաստան՝ հետը բերելով մի անգին գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագա դարերի մաքառման զենքը: Ս. Սահակի եւ ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում բացվում են դպրոցներ, ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Սուրբ գրքի թարգմանությանը: Այսպիսով՝ քրիստոնեությունը հայացվում է եւ դառնում հայի կենսակերպը:

Արարատյան թեմի մամլո դիվան Էլիզա Վարդանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գովելի է, որ մեր օրերում պահպանվել են դարերից եկած այնպիսի տոներ, որոնք խոսում են մեր պատմության կարեւորագույն դեպքերի մասին: Հուսանք, որ նմանատիպ տոները հազարամյակներ շարունակ կապրեն ու կպատմեն մեր դժվար, բայց հաղթանակած անցյալի մասին:




Լրահոս