Մայիսի 2-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին նաև ՆԺԿ համակիր մտավորականներ:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները: Կուսակցության առաջնորդը անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանական վերնախավը ցավալիորեն չի գիտակցում աշխարհում ընթացող հակամարտությունների տրամաբանությունը և դրանցով պայմանավորված մեր երկրի առջև ծառացող բարդագույն խնդիրները:
Բանախոսը հաստատելով, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, միաժամանակ հիմնավորեց ՆԺԿ դիրքորոշումն այն մասին, որ տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, իսկ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը վտանգելու է երկրի ներքին և արտաքին անվտանգությունը, բերելու է քաղաքական և հասարակական կյանքի հավելյալ խառնաշփոթի ու անցանկալի ցնցումների:
ՆԺԿ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ