ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՇՏԱՐԱՐՆ ԷՐ ՊԱԿԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց հինգերորդ գումարման՝ Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանում սկսվեց «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու հարցի քննարկումը: Նշենք, որ նախագծով առաջարկվում է ներդնել դատական հաշտարարի ինստիտուտ, իսկ հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած անձինք՝ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո:

Որպես Կառավարության ներկայացուցիչ եւ հիմնական զեկուցող հանդես էր գալիս արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Նա իր ելույթում նշեց, որ ներկայումս հաշտարարությունը` որպես իրավական ինստիտուտ, գոյություն չունի ՀՀ իրավական համակարգում, ինչպես նաեւ բացակայում է իրավական դաշտը, որը կկարգավորեր հաշտարարության ոլորտը:
Նախագծի ներկայացումից հետո ելույթով հանդես եկած ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դրական համարեց նման ինստիտուտի ստեղծումը, սակայն նաեւ ռիսկեր նկատեց: Նա նշեց, որ դատական հաշտարարի գրասենյակի ստեղծումը նույնիսկ ուշացած կարելի է համարել եւ ընդգծեց` եթե նման ինստիտուտ ներդրվեր ավելի վաղ, ապա թաղային հեղինակությունները հաշտեցման գործառույթ կատարելու համար ո՛չ գումար կստանային, ո՛չ էլ տոկոս կպահեին: Անդրադառնալով վտանգներին՝ նա նկատեց, որ տնտեսական հարցերի դատական հայցերի դեպքում, հնարավոր է, հաշտարարների բաշխումը կատարվի կողմնակալ ձեւով: Եվ, այնուամենայնիվ. «Միշտ չէ, որ իշխանության առաջ քաշած օրինագծերին պետք է դեմ քվեարկել, որովհետեւ սա դրական առաջարկություն է»,- ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունենալիս պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե քննարկվող հարցը շատ կարեւոր է՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից: «Ցանկացած դեպքում` հաշտարարությունը միշտ էլ դրական է, եթե կարողանում ենք անհրաժեշտ կարգավորումներ ապահովել երկրում: Այլ կերպ ասած` եթե կա օրենք, եւ դրա շրջանակներում հարաբերությունները ճշգրտվում են, ապա անօրինական գործողությունների թիվը կարող է նվազել: Այդ տեսակետից օրինագիծը դրական է եւ հնարավորություն է տալիս արտադատական կարգով, հաշտության միջոցով լուծել խնդիրը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս դրական արտահայտվեց նախագծի վերաբերյալ` նշելով, որ համակարծիք է Գագիկ Ջհանգիրյանի հետ, եւ ամեն ինչին չէ, որ պետք է ընդդիմանալ միայն այն բանի համար, որ դա իշխանության նախաձեռնությունն է. «ԲՀԿ-ն նման մառազմով չի տառապում, մենք չենք դառնա զոհ այն կեղծ մտայնության, որ եթե իշխանության այս կամ այն առաջարկը պաշտպանենք, հանկարծ մեր ընտրազանգվածը մեզ սխալ կհասկանա: Ինչը որ լավ է, մենք պատրաստ ենք պաշտպանել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Այդուհանդերձ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նաեւ մտահոգություն հայտնեց: Նա ընդգծեց, թե հիմա մի այնպիսի ինստիտուտի ներմուծման մասին է խոսք գնում, որը կոռումպացված դատական համակարգի պայմաններում կարող է չաշխատել: Որպես օրինակ պատգամավորը բերեց ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը, որի գործունեությունը խայտառակ եւ տապալված համարեց: Նա հիշեցրեց, որ ֆինանսական հաշտարարի պաշտոնը զբաղեցնող տիկինը դեկրետ գնալուց ստացավ 20 մլն դրամ:
Մեր կողմից նկատենք, որ դատական համակարգի հաշտարարի ստեղծումը, ինչ խոսք, կարող էր օգտակար լինել, եթե պրակտիկայում առկա չլիներ արդեն իսկ տապալված նման ինստիտուտ: Խոսքը Նաիրա Զոհրաբյանի մատնանշած ֆինանսական համակարգի հաշտարարի մասին է: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թվականի հունվարի 24-ից: Նշենք, որ 2008 թվականի դեկտեմբերի 22-ին ֆինանսական համակարգի հաշտարար նշանակվեց մասնագիտությամբ իրավաբան Փիրուզ Սարգսյանը, ով ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է:
Շատերը կհիշեն այն աղմկահարույց պատմությունը, որը մատնանշեց Նաիրա Զոհրաբյանը: Ծննդաբերությունից անմիջապես հետո Փ. Սարգսյանը վերադարձել էր աշխատանքի եւ ահռելի գումար ստացել` որպես հղիության եւ ծննդաբերության նպաստ: 20 մլն դրամ ստանալը տիրող համատարած աղքատության պայմաններում եւ այն էլ՝ քաղաքացիների գրպանից, իրոք որ շռայլություն է: Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն էլ արդարացել էր, թե իր կինը ոչ թե 20 մլն է ստացել, այլ 12, եւ փաստեր բերել, թե Փիրուզ Սարգսյանն արժանի էր այդքան գումար ստանալուն:
Չնայած Արսեն Մկրտչյանը հայտարարում է, թե ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը չպետք է համեմատել նոր ստեղծվող ինստիտուտի հետ, սակայն մեր կոռումպացված իշխանության եւ չկայացած դատական համակարգի պայմաններում որեւէ ինստիտուտ արդյունավետ աշխատել չի կարող:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 
ԿՈՏԱՅՔՈՒՄ ԴԵՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԴԵՄ

Արդեն տասն օր է, ինչ բրուցելոզ տեսակի հիվանդությունը գլուխ է բարձրացրել Կոտայքի մարզի մի քանի գյուղերում: Այդ գյուղերն են Սոլակ, Ֆանտան, Բջնի եւ Արզական: Իսկ մինչ այդ բրուցելոզի դեպքերը մարդկանց մոտ արձանագրվել էր Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ընկերության սպանդանոցի աշխատակիցների մոտ:

ՀՀ Կոտայքի մարզում բնակչության շրջանում բրուցելոզի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում այսօր առկա է հիվանդության 22 դեպք: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանից տեղեկացավ, որ հիվանդների ինքնազգացողությունը բավարար է, եւ նրանք ունեն առողջացման դրական շարժընթաց:
«Ժողովուրդ»-ը Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանից տեղեկացավ, որ գյուղի բրուցելոզով հիվանդ անասուններն արդեն հարկադիր սպանդի են ենթարկվել: «Այս պահի դրությամբ մաքուր է ամեն ինչ, եւ հիվանդ անասուն չունենք: Ապրիլի 24-ին մեր մարզի գլխավոր անասնաբույժը զեկուցագիր ներկայացրեց պատկան մարմիններին, որով հայտնեց, որ գյուղում բրուցելոզ չկա: Իսկ այն մարդիկ, ովքեր նույնպես հիվանդ էին, գնացել եւ նորմալ բուժում են ստացել»,- փոխանցեց Բադալ Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ Սոլակ գյուղում բրուցելոզի հետեւանքով հարկադիր սպանդի են ենթարկվել 7 խոշոր եւ 25 մանր եղջերավոր անասուն: «Համագյուղացիներին զգուշացրել ենք, որ այլ մարզերից, գյուղերից անասուն առայժմ չգնեն ու գյուղ բերեն, կամ էլ միայն անասնաբույժի միջամտությամբ, համապատասխան ստուգումներից հետո»,- նշեց Սոլակի գյուղապետը: «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց՝ անասուն կորցրած գյուղացիներին փոխհատուցում տրվելո՞ւ է, թե՞ ոչ. «Համայնքի ավագանու անդամների հետ այս պահին քննարկում ենք այդ հարցը: Գուցե կարողանանք տվյալ մարդկանց հարկերը, տուրքերը ինչ-որ չափով զեղչել: Տեսնենք, թե ինչպես կստացվի»:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բրուցելոզի դեպքեր հայտնաբերվել են ոչ միայն Կոտայքի մարզի Սոլակ համայնքում, այլեւ Բջնիում, Արզականում եւ Ֆանտանում:
Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գյուղում խոշոր եղջերավոր անասունի կասկածելի մեկ դեպք է եղել, որն էլ ուղարկել են լաբորատորիա՝ փորձաքննության: Գյուղապետի խոսքերով՝ այն հերքվել է: «Բայց գյուղը մեր հսկողության տակ ենք պահում»,- վստահեցրեց Մովսիսյանը: Նույն մարզի Բջնիի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանը փոխանցեց, որ իրենք դեռ սպասում են լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ Բջնիում բրուցելոզի չորս դեպք էր արձանագրվել, որոնք եւս ենթարկվել են հարկադիր սպանդի:
Հ.Գ. Հավելենք, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ի սպանդանոցում բրուցելոզի դեպքեր արձանագրվելու մասով ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ 18 անձ ճանաչվել է որպես տուժող:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՀՈՐԸ
2013թ. դեկտեմբերի 10-ին Խաչիկի զորամասում զոհված, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, դժգոհ է իր որդու մահվան գործով իրականացված դատաքննությունից: Նա համոզված է, որ որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են: Ա. Հովակիմյանը դա հիմնավորում է նաեւ այն փաստով, որ դեպքից հետո ինքնաձիգի փողն ուղղված է եղել Վանիչկայի ոտնաթաթին:
Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վանիչկա Հովակիմյանը ինքնասպանություն է գործել այն պատճառով, որ նրան մեղադրել են ծառայակիցներից մեկի բջջային հեռախոսի գողության մեջ: Նրա դին գտնվել է ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով: 2014թ. սեպտեմբերի 1-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ո. Պապոյանը վճռել է Վանիչկայի ծառայակիցներից Շմավոն Կուրեխյանին դատապարտել 7, Պարույր Մկրտչյանին 5 տարի 6 ամիս, Արման Մուրադյանին 3 տարի ժամկետով ազատազրկման, Նարեկ Միտոյանին՝ 6 ամիս կարգապահական գումարտակում պահելու: Դատարանը վերջինիս հանդեպ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, վճռել նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան:
Վ. Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով դատավճիռը բողոքարկվել է, բողոքարկողների թվում է եղել նաեւ Արամայիս Հովակիմյանը: ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը 2015թ. փետրվարի 16-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Ա. Հովակիմյանն ասում է, որ վերաքննիչ դատարանը, ըստ էության, գործի քննություն չի կատարել: Նրա խոսքերով՝ քրեական գործով մեղադրողը շահագրգիռ չէ ճշմարտությունը բացահայտելու հարցում: Ա. Հովակիմյանը դիմել է Վճռաբեկ դատարան, դատաքննության օրը դեռեւս հայտնի չէ:
Մահացած զինվորի հայրը նաեւ շեշտում է, որ Վանիչկան 1 տարի եւ 5 ամիս ծառայել էր, սակայն նրան այդպես էլ արձակուրդ չէին տվել:
«Այդ ընթացքում Վանիչկային արձակուրդ տալու համար ես 3 անգամ զանգել եմ կորպուսի հրամանատարին, մի անգամ էլ մեր գյուղապետն է զանգել, սակայն նրան այդպես էլ արձակուրդ չտվեցին, տղայիս դիակը բերեցին»,-հուզված ասում է Ա. Հովակիմյանը: Նրա խոսքերով՝ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նիստերի ժամանակ գումարտակի շտաբի պետ, Էջմիածին քաղաքի բնակիչ Սեթ Սահակյանը սպառնացել է, որ Չինարի գյուղից վերեւ գտնվող մարտական հենակետերում ինքը շատ ընկերներ ունի, ովքեր Ա. Հովակիմյանի համար խնդիրներ կստեղծեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս