Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը որևէ կապ չունի: Armlur.am-ի հետ զրույցում մարզպետի խոսնակ Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ մայիսի 1-ից Տիգրան Խաչատրյանը Երևանում է եղել և որևէ կապ չունի ծեծկռտուքի հետ:
Վերջինս նաև նշեց, որ ինքը դեռ մարզպետի հետ չի խոսել նշվածի վերաբերյալ: «Երբ մարզպետի հետ խոսեմ, հստակ պաշտոնական տեղեկություն կկարողանամ տալ»,- ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ news.am-ը գրել էր, որ մայիսի 2-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է, վեճ է առաջացել, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, ովքեր Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք: 2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: