ՀԱԿ-Ի ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տեղի ունեցածից հետո քաղաքական դաշտում վախի մթնոլորտ է: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից ստիպված հեռանալուց հետո կուսակցություններն ավելի զգուշավոր են դարձել:

-Պարո՛ն Մանուկյան, «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենք առայժմ որեւէ հայտարարությամբ հանդես չեն գա մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտը: Միջոցառումներն արդեն ավարտվել են, ի՞նչ քայլեր է իրականացնելու ՀԱԿ-ը` ի պաշտպանություն Սէֆիլյանի եւ նրա ընկերների:
-Ժիրայրին ու իր թիմակիցներին թերեւս միայն մենք ենք աջակցություն հայտնել, ընդ որում, արդեն երկրորդ անգամ: Մենք այդ խնդիրը բարձրացնում ենք նաեւ Եվրախորհրդում, դեռեւս ոչ մեկը նույնիսկ հայտարարություն չի արել: Չգիտեմ՝ քաղաքական ուժերի այս վախվորածությունը ինչից է գալիս, բայց փաստ է, ու այստեղ շատ խորանալու խնդիր էլ չկա, ինչպես հայտարարում են ՀՀԿ-ականները, թե տեսնենք, ինչ իրավաբանական լուծում կլինի եւ այլն: Միշտ էլ այդպես են ասել՝ 150 քաղբանտարկյալ ենք ունեցել, բոլորի ժամանակ էլ ասել են՝ սպասեք, դատարանը կորոշի, ու մարդիկ երեք տարի բանտերում անցկացրեցին: Այնպես որ, այդ էժան հնարքը հիմա էլ են կիրառում, որ սպասենք, տեսնենք, թե դատարանը ինչ որոշում կկայացնի, որից հետո մենք մեր գնահատականը կասենք: Իսկ ինչ վերաբերում է այն գործիքներին, որոնք մենք կարող ենք կիրառել այս պարագայում, ասում եմ` մեր տառապանքը փորձ ունի. 150 քաղբանտարկյալի համար երեք տարի կռիվ ենք տվել ու շատ լավ գիտենք մեթոդները: Դա լինելու է միջազգային կառույցներին դիմելը, մենք կօգտագործենք Եվրամիության մեր հնարավորությունները, Եվրապառլամենտի, ԵԽԽՎ-ի հնարավորությունները, կօգտագործենք նաեւ Եվրոպայի լիբերալների հնարավորությունները. այդ գործիքները մենք միշտ ունենք, այսինքն՝ խնդրի միջազգայնացումը լավագույն գործիքն է: Մենք միշտ այդ գործիքը կիրառել ենք ու կիրառելու ենք, ասեմ նաեւ, որ դա ազդում է իշխանությունների վրա: Իրենք լրիվ արհամարհած չունեն միջազգային կառույցների դաժան քննադատությունը: Պետք է լինեն նաեւ ներքին ճնշումները խորհրդարանում ու հասարակության կողմից: Ամեն դեպքում, բարոյական գործ է այդ մարդկանց պաշտպանելը, որովհետեւ ակնհայտ է, որ ո՛չ Շանթը, ո՛չ Ժիրայրը քրեական որեւէ եզր չունեն, սա քաղաքական է: Ու անկախ նրանից, թե ինչ հայացքներ ուներ, ինչ մեթոդներ էր կիրառում… ակնհայտ քաղաքական է, բնականաբար, մեր խղճի գործն է քաղաքական բանտարկյալներին ազատելու համար պայքարելը:
-Նշեցիք, որ քաղաքական դաշտում վախվորածություն կա, ինչի՞ հետ է կապված այդ իրավիճակը, արդյո՞ք քաղաքական կուսակցությունները խուսափում են իշխանությունների հետ խնդիրներ ունենալուց՝ Ժ. Սէֆիլյանին պաշտպանելով:
-Գիտեք՝ այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ, քաղաքական հաշվեհարդար էր՝ բաց մարտի ձեւով, դա քաղաքական ուժերի մի մասին վախացրել է, մի մասին ավելի զուսպ է դարձրել, խոհեմ, զգուշավոր: Հայաստանում զգուշավորության մթնոլորտ կա, ու դրանից ելնելով է, որ կտրուկ, համարձակ քայլեր ու հայտարարություններ, բանաձեւեր չեն լինում: Ես կարծում եմ, որ այս իրավիճակը երկար չի տեւի, որովհետեւ քաղաքականությունը, քաղաքական դաշտը հետեւանք է այլ մթնոլորտի: Առաջիկայում սպասվում է սոցիալական լարվածություն, որի արդյունքում կակտիվանա քաղաքական դաշտը, այսինքն՝ քաղաքականությունը կդառնա ադեկվատ, զարգացող պրոցեսներ կլինեն, իսկ հիմա հասարակության մեջ են այդ պրոցեսները զարգանում: Ու դա նաեւ լինելու է արձագանք իշխանությունների ներսում տեղի ունեցող, քանդվող պրոցեսներին: Սրանք կուժեղացնեն քաղաքական այն հենքը, որի վրա քաղաքական ադեկվատությունը կերեւա:
-Իշխանությունները նույն կերպ քննադատում են ընդդիմադիր ուժերին՝ հայտարարելով, որ դուք ձեր ներսում չգիտեք, թե ինչ եք ուզում: Օրինակ` նշվում է, որ ԱԺ ՀԱԿ 7 հոգանոց խմբակցությունում 4 տարբեր տեսակետներ են: Ինչո՞ւ է պառակտվում ՀԱԿ-ը:
-Մեր մասում ես այդպիսի բան չեմ տեսնում: Իհարկե, այս պահին քաղաքական դաշտում այն իրավիճակը չի, ինչ-որ 5 ամիս առաջ էր, բայց իրենց ասածներն ինձ չեն հետաքրքրում, թող իրենք բարի լինեն, իրենց հիմնական ֆունկցիան կատարեն, նոր փորձեն ընդդիմության մասին խոսել: Իրենք, ինչպես միշտ, փորձում են իրենց անկարողությունը, անգրագիտությունը գցել ՌԴ-ի, Թուրքիայի, ընդդիմության վրա:

 

 

 

 
ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ մեկից ֆինանսական աջակցություն չի ստանում:

-Պարո՛ն Ուրիխանյան, մայիսի 16-ին «Ալյանս» կուսակցությունը հիմնադիր համագումար է հրավիրել: Ի՞նչ է լինելու այդ օրը, ի՞նչ է ներկայացվելու հանրությանը:
-Նախ եւ առաջ, շատ ծավալուն ու բովանդակալից փաստաթուղթ է պատրաստվել, որը կոչվում է կուսակցության ծրագիր ու այն շատ կտրուկ տարբերվում է հայաստանյան քաղաքական դաշտի գործող բոլոր՝ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցությունների ծրագրերից: Այնտեղ սեւով սպիտակի վրա շատ հակիրճ, բայց դիպուկ արտացոլվում է առկա իրավիճակը, ու շատ տեսանելի ձեւով արտաբերվում են անելիքները՝ կարճաժամկետ գործողությունների ծավալով: Հիմա խոսել ինչ-որ ընդհանուր, ականջահաճո ձեւակերպումներով, իհարկե, շատ հաճելի է, բայց այլեւս քաղաքական ուժերից հասարակությունը ակնկալում է գործնական, կիրառական տեսանելիություն ապահովող ծրագրեր:
-Իսկ ովքե՞ր են Ձեր թիմակիցները, ովքե՞ր են ընդգրկվել Ձեր ղեկավարած կուսակցությունում:
-Ես չեմ կարեւորում քաղաքական հավակնություններով մարդկանց առկայությունը կուսակցությունում, ես կարեւորում եմ կադրային ռեսուրսը, սա իմ անձնական մոտեցումն է, ես մտել եմ այս ամենի մեջ բացառապես մաքուր կենսագրությամբ՝ կիրթ, պատրաստված, հմտություններ ունեցող տարբեր ոլորտների ու տարբեր տարիքային խմբերի պատկանող մարդկանց համախմբելու համար: Ավելի ճիշտ՝ եղած մարդկանց պահանջարկի հիման վրա է սա ձեւավորվել: Բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել իմ ստիպված հեռանալը (ԲՀԿ-ից Ս. Գ.) ու այս ամենի ձեւավորումը, սա շատ օբյեկտիվ ու բնականոն ճանապարհով է տեղի ունեցել:
-Այնուամենայնիվ, արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ Ձեր ղեկավարած կուսակցությունը հեռվից կառավարվելու է որոշ մարդկանց կողմից: Մասնավորապես նշվում է, որ Ձեր կուսակցության «ղեկավարը» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
-Որեւէ մեկը թող չուրախանա՝ մտածելով, որ մեր գործունեությունը կարող է կախված լինել ֆինանսավորումից, որեւէ մեկը թող չուրախանա՝ մտածելով, թե մեր թիմի միասնությունը, մեր գործողությունները, մեր ռեսուրսը կարող է հիմնված լինել բացառապես ֆինանսի վրա, հետեւաբար կարող է կապված լինել բարի կամքի դրսեւորման հետ, ինչ-որ մի մարդու, ինչ-որ մի կազմակերպության հետ: Ո՛չ, գլուխը քարին է տվել նա, ով կարող է թույլ տալ մեր մասին նման խոսակցություններ տարածել: Չկա որեւէ մեկը, ում կթույլատրվի ֆինանսավորել «Ալյանսը», որովհետեւ մենք չենք պատրաստվում լինել կապնված, կախված, հետեւաբար եւ կաշկանդված:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ «ԿՈՇ»-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին «ԿՈՇ» քրեակատարողական հիմնարկում իրարանցում է եղել: Իսկ պատճառն այն է, որ դատապարտյալներից մեկի վիճակը կտրուկ վատացել է: Պարզեցինք, որ իրեն վատ զգացած դատապարտյալը եղել է ավազակային հարձակման համար դատապարտված Լեւոն Գրիգորյանը, որի պատժի կրելու ավարտին մնացել է 1 տարի 7 ամիս: Մեր տեղեկություններով՝ մինչ բժշիկների տեղ հասնելը, դատապարտյալի խցում են եղել «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի տեղակալները: Քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության աշխատակիցները դատապարտյալին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական ախտորոշմամբ բժիշկները նրա մոտ արձանագրել են սրտի կաթված: Դատապարտյալը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

 

ՃԱԿԱՏ ԿԱԶՄԵՔ
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կողմից կազմակերպված «Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը Հայաստանում. օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով քննարկման ժամանակ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Արտակ Զեյնալյանն ասաց, որ բոլոր ԶԼՄ-ները պետք է ճակատ կազմեն ու չբացահայտեն իրենց աղբյուրները: «Լրագրողի աշխատանքը միայն վաստակելու միջոց չէ, լրագրողն առաջին հերթին իրականացնում է հանրային նշանակության գործառույթ»,- ասաց Զեյնալյանը: Իսկ ահա մեդիա-փորձագետ Մեսրոպ Հարությունյանը խորհուրդ տվեց դատարաններին աղբյուրը բացահայտելու վճիռ չկայացնել, մանավանդ, որ դրա կատարումն անհնարին է: «Ենթադրենք՝ ես եմ հրապարակման հեղինակը, հարկադիր կատարողին ուղարկելու են` շաղափը մտցնի գլխիս մեջ, հանի՞ տեղեկատվության աղբյուրը»,- հռետորական հարց հնչեցրեց Հարությունյանը: Վերջինիս կարծիքով «Հրապարակ» օրաթերթի եւ ilur.am-ի գործը, որով նրանց պարտադրում են մի հրապարակման հետ կապված իրենց աղբյուրը հրապարակել, հստակ միտում ուներ` ԶԼՄ-ներին վախեցնել:

 

ԱՅՍ ՄԵԿՆ ԷԼ ԿՏԱՆ ԵՏՄ-ԻՆ
ՀՀ Կառավարությունը պատրաստվում է վաղը կայանալիք նիստում հավանություն տալ «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը: Եթե մի կողմ թողնենք փաստաթղթի ձեւական եւ հրապարակային կողմը, դրա ընդունումից հետո Հայաստանն այլեւս պարտադրված կլինի մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված խնդիրներում եւս գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համաձայնեցված: Իսկ թե ինչ կտա դա Հայաստանին, առայժմ դժվար է ասել:




Լրահոս