ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ` ՎԹԱՐՎԱԾ «ՈՒՐԱԼ»-Ի ԵՎ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը, անդրադառնալով իր հրամանատարության տակ գտնվող զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարին, ասաց, որ կատարվածում բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան, որը զորավարժություններից հետ վերադառնալիս էր եղել, Սպիտակի ոլորաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում: Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ վարորդը՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Թորոսյանը, մահացել էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած զինվորի հայրը` Գերասիմ Թորոսյանը, հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային ամրակցված հրանոթի պոկվելու արդյունքում: Իսկ ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր. «Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեխնիկական խնդիր է եղել, որն առաջացել է մեքենայի վարման ընթացքում: Մնացածը կպարզենք, երբ ծառայողական քննությունն ավարտվի»:
Արդյո՞ք մեքենան զորավարժությունների գնալուց առաջ տեխզննման չէր ենթարկվել, եւ, առհասարակ, ո՞վ է պատասխանատվություն կրելու մեքենայի անսարքության համար: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց մահացած զինվորի` ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Հրայր Աթոյանի հետ:
-Պարո՛ն Աթոյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ Ձեր ենթակայության տակ գտնվող «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել: Ո՞վ է պատասխանատվություն կրում մեքենայի տեխնիկական անսարքության համար:
-Առաջինը՝ անմիջապես վարորդը, իսկ երկրորդ՝ մնացած հարցերը կպարզի քննությունը:
-Այսինքն՝ զինվորը ե՛ւ վարորդ է, ե՛ւ մեքենայի տեխնիկական գծով պատասխանատո՞ւ: Այդ բոլոր պարտականությունները նրա վրա ե՞ն դրված:
-Ինքը մասնագիտորեն տիրապետում է դրան, եթե մասնագիտորեն չտիրապետի, մենք չենք թողնի, չենք տա այն վկայականը, որ նա իրավունք ունի վարելու նման տիպի մեքենա:
-Զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա վարելու համար անհրաժեշտ է ունենալ E կարգի վարորդական իրավունք, իսկ զինվորի հայրը՝ Գերասիմ Թորոսյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ տղան ունի B, C, եւ D կարգի վարորդական իրավունք: Վստա՞հ եք, որ նա իրավունք ուներ այս տիպի մեքենա վարելու:
-Ուներ, դրա համար անցել էր լրացուցիչ վերապատրաստում: Այսպես ասեմ Ձեզ՝ տղան մեր ամենալավ վարորդներից մեկն է եղել: Շատ լավ զինվոր էր:
-Զարմանալի է՝ ինչպե՞ս կարող է մեկ զինվորը պատասխանատվություն կրել մի հսկայական մեքենայի տեխնիկական վիճակի համար:
-Ո՛չ, դա այդպես չէ, ես չեմ ասում՝ միայն վարորդն է կրում պատասխանատվությունը:
-Այսինքն՝ այլ մարդիկ էլ կա՞ն, որ կատարվածում իրենց բաժին մեղքն ունեն:
-Դա պարտադիր այդպես է լինելու: Ասեմ Ձեզ, որ ամեն երթից առաջ վարորդի գլխավորությամբ մեքենան տեխզննում է անցնում: Հեսա քննությունն էլ կպարզի, թե ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն, ովքեր են մանրամասն տեխզննումն իրականացրել` յուղ, ռեմեն եւ այլ նման բաներ:
-Դուք՝ որպես հրամանատար, փորձե՞լ եք կատարվածից հետո պարզել, թե արդյո՞ք մեքենան, մինչ զորավարժությունների մեկնելը, սարքին վիճակում եղե՞լ է, թե ոչ:
-Զորավարժության գնալուց առաջ անձամբ եմ տեխզննում անցկացրել, ցուցադրական պարապունքներ ենք արել, թե ինչպես են անձնակազմի հետ տեխնիկան զննում: Զորավարժություններից հետ գալուց էլ պետք է այդ տեխզննումը կատարվեր: Վստահ կարող եմ Ձեզ ասել, որ զորավարժություններից հետ վերադառնալուց հետո մեքենան տեխզննում անցել է, եւ որեւէ խնդիր մեքենաների հետ կապված չի եղել: Զորավարժությունների վայրում 5 խումբ եմ ունեցել, որոնք աշխատել են, նայել են մեքենաները` ավտոծառայության պետը, իմ տեղակալը:
-Նշեցիք, որ զորավարժությունների գնալուց, հետ վերադառնալուց առաջ մեքենաները մանրակրկիտ տեխզննում են անցել, բայց փաստն այն է, որ մեքենան շրջվել է, եւ մեկ զոհ ունեցանք: Դուք Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում:
-Ես այն հրամանատարը չեմ, որ ամեն ինչ զինվորի վրա գցեմ, թող Ձեզ մոտ նման կարծիք չկազմվի, թող այդ կարծիքը Ձեր մեջից վերանա, մանավանդ, երբ իմ զինվորը չկա: Երկրոդը` հրամանատարությունը զինվորին չի մեղադրում, ուղղակի զինվորը մասնագիտորեն տեղյակ է: Եթե դուրս գալուց առաջ մեքենան խնդիր չի ունեցել, ուրեմն խնդիրը ճանապարհին է առաջացել: Ինչ խոսք, կատարվածում բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք: Իրավապահներն աշխատում են, տեսնենք՝ ինչ կպարզվի:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսինքն՝ եթե փորձագիտական քննությունից հետո պարզվի, որ մեքենան տեխնիկական խնդիր է ունեցել, մի շարք մարդիկ պատասխանատվության կենթարկվեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
Երեւանի բժշկական կենտրոններից մեկում օրերս վիրահատել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Գյումրիի նախկին քաղաքապետի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրը ոտքի անոթների լայնացումն է. «Միգուցե ծանրություն է վերցրել կամ շատ է ոտքի վրա կանգնել, եւ նման խնդիր է առաջացել: Վիրահատությունը արեցինք, ու արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, բերել ենք տուն, ու լավ է զգում իրեն, որեւէ բարդություն չկա»:
Տեղեկացնենք, որ Վարդան Ղուկասյանը նախկինում էլ երկու անգամ վիրահատվել էր, երբ դաժան մահափորձի ենթարկվեց: 2007 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում մի ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես-600» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի եւ նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ: Ավելի ուշ նախկին քաղաքապետը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ ենթարկվել վիրահատության:
Այս դեպքից երկու ամիս անց քաղաքապետը կրկին հայտնվեց հիվանդանոցում: 2007թ հունիսի 20-ին՝ առավոտյան ժամը մոտավորապես յոթն անց երեսունի սահմաններում, աղիների հետ կապված խնդիրների պատճառով նրան տեղափոխել էին Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Հիվանդանոցում քաղաքապետի վիճակը գնահատել էին բավարար, եւ նա հիվանդանոցից դուրս էր գրվել, սակայն երեկոյան կրկին վատացել էր, եւ նրան տեղափոխել էին Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց, որտեղից էլ ավելի ուշ՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այստեղ նրան վիրահատության էին ենթարկել, որը տեւել էր 3 ժամ:
«Ժողովուրդ»-ը նախկին քաղաքապետի եղբորից՝ Գեւորգ Ղուկասյանից, փորձեց հետաքրքրվել, թե արդյո՞ք տարիներ առաջ տեղի ունեցած մահափորձի հետեւանքն է այն, որ եղբայրն այս օրերին հայտնվել է հիվանդանոցում: «Չէ, նախկինում արված վիրահատությունների բարդության հետեւանք չէ սա, որեւէ կապ չունեն իրար հետ, սա ուղղակի երակների լայնացում է»,- պարզաբանեց Գեւորգ Ղուկասյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿՎԵՐԱՄՇԱԿԵՆ
Արդեն երկու օր է՝ հարյուրավոր երիտասարդներ հավաքում եւ տեսակավորում են Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժական կրակի մոտ թոշնած ծաղիկները: Դրանց մի մասի թերթիկները կվերամշակվեն ու թուղթ կդառնան, ցողուններից էլ կպատրաստվի պարարտանյութ՝ այգիների մշակման համար: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս աշխատանքի արդյունքում ստեղծված թուղթը կտրամադրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ փաստաթղթեր, նամակներ, շնորհակալագրեր պատրաստելու համար:

 
ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումա է մտցրել մինչ 2016 թ Հայաստան առանց մաքսատուրքի բնական գազի, նավթամթերքի ու ադամանդների մատակարարման մասին պայմանագիրը երկարացնելու մասին օրինագիծը: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թ Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 1.8 մլրդ խմ գազ, 222 հազար տոննա նավթամթերք:

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28¬ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել: Այս կապակցությամբ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքում ասված է. «Սիսի կաթողիկոսարանի եւ ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքների վերադարձը կարող է կարեւոր քայլ դառնալ՝ համարվելով մեր ժողովրդի տարածքները վերադարձնելու եւ ոտնահարված իրավունքները վերականգնելու առաջնորդող: Ահա, այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը որոշեց դատ բացել Թուրքիայի Սահմանադրական դատարանում»:

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆԵՆ
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկոյան ժամը 18-ին համատեղ հանրահավաք կանցկացնեն: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը երեկ հայտարարել է, որ իրենց հրապարակային գործունեությունը մայիսի մեկից լինելու է շարունակական։ «Հայաստանում օլիգարխիան դարձել է քաղաքական ու հասարակական հարաբերությունների գլխավոր դոմինանտը։ Սա ողբերգություն է։ Մենք խնդիր ունենք գնալու ու ցանկացած քաղաքացու ներկայացնելու մեր գաղափարները, եթե հավատան, կգան հանրահավաքի, եթե չեն գա, ուրեմն խնդիրը մեզանում է. չենք կարողացել ճիշտ ներկայացնել հասարակությանը մեր գաղափարները»:

 

ՈՒՂՂԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ
asekose.am-ի փոխանցմամբ` երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող հիշատակի արարողության ժամանակ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան, հուշահամալիրում ժամանակավորապես տեղադրված ամֆիթատրոնի առաջին շարքում, ՀՀ առաջին տիկնոջ կողքին նստած ՌԴ նախագահն ասել է. «Հիանալի ռուս երգչուհի է»: «Այո՛, հիանալի երգչուհի է, բայց Գուլեգինան հայուհի է»,-շշնջացել է Ռիտա Սարգսյանը: «Վստա՞հ եք»,-հարցրել է Վլադիմիր Պուտինը: «Այո՛, իհարկե, Գուլեգինայի իսկական ազգանունը Մեյթարջյան է»,- պատասխանել է Ռիտա Սարգսյանը, ինչին Վլադիմիր Պուտինն արձագանքել է. «Մտքովս չէր անցնի»: Նշենք, որ Մարիա Գուլեգինան իր բոլոր մենահամերգներում կատարում է Կոմիտասի «Կռունկը», որն էլ հնչեցրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:




Լրահոս