«Այս դեպքը եզակի էր, նման դեպք կարող է դարաշրջանը մեկ չկրկնվել». Աշոտ Աղաբաբյանը ճիշտ է համարում ՀԽ-ի հետ կատարվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքի ազատությունը, որը գոյություն ունի Հայաստանում, պետք է պաշտպանել սրբորեն: Բայց, յուրաքանչյուր  խոսքի ազատություն ունի իր ժամանակը: Եթե այն ժամանակավրեպ է, ապա չի կարելի: Իմ կարծիքով, նրանց կալանավորել էին ապրիլի 24-ի միջոցառումների հետ կապված: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ):

«Ապրիլի 24-ից առաջ, երբ ինձ հարցրեցին` ազատ կարձակեն նրանց, թե ոչ, ես միանշանակ ասացի` այո: Դրան արձագանքել էր նաև Շանթը, այն մարդիկ, ովքեր խոսքի ազատության ջատագովներն են: Բնականաբար, մեր պետությունը ևս կարծում է` խոսքի ազատություն պետք է լինի և ազատ արձակեցին: Մենք անցկացրեցինք 100-ամյակը, և ազատեցին նրանց: Ես մինչև ապրիլի 24-ն եմ ասել, որ նրանց ազատ կարձակեն, քանի որ չեմ պատկերացնում, որ մեր անկախությունը արյամբ ձեռք բերված պետությունը չի շարունակելու պահպանել խոսքի ազատությունը: Իմ կարծիքով` շատ ճիշտ որոշում է դա և այդպես էլ պիտի լիներ»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը:

Նրա խոսքով` «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին ազատ արձակելու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը. «Ես գտնում եմ, որ շատ ճիշտ որոշում էր: Եվ պետք է շարունակվի բնական խոսքի ազատության երթը»:

Դիտարկմանը, թե Հայաստանում կարող են առանց հիմքերի ձերբակալել, կալանավորել այնուհետև բա՞ց թողնել, Աղաբաբյանն ասաց. «Ոչ, չեն կարող: Այս դեպքը եզակի դեպք է, որը կարող է դարաշրջանը մեկ չկրկնվի, որովհետև կրկնում եմ` 100-ամյակի հետ կապված չի կարելի խոչընդոտներ ստեղծել: Կարող է նման դեպք էլի կրկնվել: Բայց, 100-ամյակի հետ կապված, երբ ամբողջ աշխարհը Հայաստանում էր, որևէ բան անելուց հետո նրանց անպայման կմեղադրեին: Իսկ իրենք պատրաստ էին դա անելու, չգիտեմ` ինչ գաղափարներով, ինչ մտքերով: Իրենց մոտ ազգային ինչ-որ բան էր պակասել, որ փորձում էին հենց այդ օրն անել: Իրենց մոտ այդ պակասը կա: Չի կարելի սգո և տոն օրերին ազգաբնակչությանն իրար խառնել և կռիվ-ղալմաղալ սարքել: Տոնն էլ, սուգն էլ իրենցն է նաև: Ես չեմ պատկերացնում` իրենք հետո ոնց էին շարունակելու: Այսօր իրենք ինչ էլ անեն, տհաճ կլինի, որովհետև փորձ արեցին մի բանի, որն ազգի պատիվն էր»,- մանրամասնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին այսօր առավոտյան ազատ են արձակել: Իսկ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ պարզաբանվում է, թե ինչու է որոշվել ազատ արձակել ՀԽ անդամներին` նախքան երկամսյա կալանքի ավարտը:




Լրահոս