ՎԱՐԴՈՒՇԻ՝ ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈՒՉԻ ՀԱՍՄՈՆ ՈՒ ԿԼՈՒԲՆԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարզվում է՝ 76-ամյա Վարդուշ տատին ,ռեցեդիվիստ-մամա-ռոզաե է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրու բնակիչ Վարդուշ Կարապետյանին վերջին անգամ դատապարտել է 2012թ. օգոստոսին. նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր.-ի 262-րդ հոդվածով (պոռնկությանը նպաստելը) եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման:  Ըստ մեղադրանքի՝ միայնակ ապրող, չամուսնացած Վարդուշ տատը 1,5 տարի կոորդինացրել է երեք մարմնավաճառների՝ Հասմիկ Վարդանյանի՝ Կլուբնիկի, Ալվարդ Թադեւոսյանի եւ Հասմիկ Խաչատրյանի՝ Պոլոզ Մուկուչի Հասմոյի աշխատանքները. իր տունը տրամադրել է նրանց ու դրամական օգուտ ստացել: 
Հայտնի չէ՝ Վարդուշ տատը ոնց է իմացել խանութների մատույցներում հայտնվող մարմնավաճառների մասին, բայց վերջիններս դատարանում պատմել են տատի “կպցնելու” ձեւերի մասին: 12 տարվա մարմնավաճառ Կլուբնիկ-Հասմիկը պատմել է, որ 2012-ի գարնանը, երբ ինքը գտնվել է Գյումրու “Արեւիկ” խանութի մոտ, իրեն է մոտեցել այն ժամանակ դեռ անծանոթ Վարդուշ տատն ու ասել. “Բարե՛ւ, նա՛խշ, կզգամ, որ դուրս ու ներս անող աղջիկ ես, համարդ տո՛ւր, որ լավ մարդ լինի` զանգեմ, գաս իմ տունե: Տատը նաեւ նրանից հետաքրքրվել է, թե ինչքանով է զբաղվում մարմնավաճառությամբ, Հասմիկն էլ պատասխանել է՝ 5000 դրամով:
Մեկ ամիս անց Վարդուշը զանգել է Հասմիկին, ժամադրել ու անծանոթ տղամարդու ուղեկցությամբ հրավիրել իր տուն: Այնտեղ Վարդուշն իրեն ասել է. “Փողդ մոտս է, մտի՛ր ել` կտամ”: Այդ տղամարդու հետ խոհանոցում սեքսով զբաղվելուց հետո Վարդուշն իրեն տվել է 5000 դրամ եւ ճանապարհել: Այդ օրվանից Վարդուշը նրան նույն նպատակով բազմիցս հրավիրել է իր տուն եւ մատուցած ամեն ծառայությունից հետո տվել 3000-ից 5000 դրամ: Մի անգամ էլ Վարդուշի “խաթեր”էժան գնով՝ 1000 դրամով է ծառայություն մատուցել նրա հարեւանի՝ բանակից վերադարձած տղային: Ըստ Հասմիկի՝ եղել են նաեւ դեպքեր, երբ ինքն է տղամարդ տարել Վարդուշի տուն եւ 1000 դրամ տվել նրան՝ տան տարածքն  օգտագործելու համար: Նրանց հարաբերությունները խզվել են այն բանից հետո, երբ Վարդուշը, առանց Հասմիկի իմացության, անհանգստացրել է անձամբ Հասմիկի “գտած” հաճախորդներից մեկին: Դրա հաջորդ օրը Հասմիկը ջղայնացել, գնացել է Վարդուշի տուն եւ պահանջել, որ վերջինս հեռախոսից ջնջի իր “կլիենտների” համարները: Բայց Վարդուշը դուռը չի բացել ու չի ջնջել: 
Մյուս վկան՝ Ալվարդը, նախաքննության ընթացքում նշել է, որ 1 տարի է՝ զբաղվում է մարմնավաճառությամբ: Իրեն անծանոթ Վարդուշը մոտեցել է 2012-ի հունվարին՝ Գյումրու “Աննա” խանութի մոտ, ներկայացել եւ հարցրել. “Կարո՞ղ ես գալ մեր տուն, մի հատ լավ տղա կա, ուզում է քո հետ լինել, ես անձամբ քեզ կվճարեմ 2000 դրամ”: Ինքն էլ համաձայնել է, նույն օրը գնացել նրա տուն, որտեղ 2000 դրամով սեռական հարաբերություն է ունեցել անծանոթ, 18-20 տարեկան մի տղայի հետ: Ալվարդն այդպիսի 2 դրվագ է հիշատակել: 
Հասմիկ Խաչատրյանն էլ՝ Պոլոզ Մուկուչի Հասմոն, ցուցմունք է տվել, որ 2007-2010թթ. զբաղվել է մարմնավաճառությամբ: 2010թ. նոյեմբերին անծանոթ հաճախորդներից մեկը զանգահարել է իրեն եւ առաջարկել 5000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ իր կողմից առաջարկվող վայրում: Հանդիպել են ու գնացել անծանոթ Վարդուշի տուն: Զրույցի ընթացքում Վարդուշն իրեն ցույց է տվել կանացի ներքնաշորեր՝ հարցնելով. “Տրուսիկ կուզե՞ս”: Ինքը համաձայնել է՝ փողը հետո վճարելու պայմանով, ուստի Վարդուշն իրենից վերցրել է հեռախոսահամարը: Ինքն այդ տղայի հետ Վարդուշի խոհանոցում սեքսով է  զբաղվել ու նրանից ստացել 5000 դրամ: Դրանից հետո Վարդուշի տուն էլ չի գնացել: 
Դատարանում Վարդուշն իրեն մասնակի է մեղավոր ճանաչել եւ նշել, որ 2009թ. ընթացքում 2 անգամ դատապարտվել է կավատության համար. առաջին անգամ ազատվել է համաներման ակտով, իսկ երկրորդ անգամ դատարանը որպես պատիժ է նշանակել 400 000 դրամ տուգանք, ինչը, սակայն, չի վճարել, քանի որ կենսաթոշակառու է եւ փող չունի: Դրանից հետո ինքն ուղղվել է եւ իր տունը մարմնավաճառներին, նրանց հաճախորդներին չի տրամադրել: Միայն մոտ 3 ամիս առաջ իր հեռախոսահամարին զանգել է Կլուբնիկ մականունով Հասմիկը, որին մինչ այդ չի ճանաչել, եւ խնդրել է թույլ տալ իր բնակարանում մարմնավաճառությամբ գումար աշխատել՝ ասելով, որ պետք է եղբոր գերեզմանը սարքի, սակայն գումար չունի: Ինքը համաձայնել է եւ Կլուբնիկի “կպցրած” գործից ստացել 500 դրամ, բայց տվել տուն գնալու փող չունեցող տղաներից մեկին: Դրանից հետո ինքը Կլուբնիկին չի տեսել:
Իսկ Ալվարդին ինքն ընդամենը 1 անգամ է տեսել իրենց թաղի խանութի մոտ եւ իմանալով, որ վերջինիս հայրը մարդ է սպանել, ասել է. “Ամոթ է, գոն” այդպես հպարտ մի՛ քելեե: Միմյանց վիրավորել են, Ալվարդն էլ ասել է. “Ես քեզի անպայման միլիցիա կուտամ”: Հասմիկ Խաչատրյանն էլ իր նախկին ծանոթներից է, մոտ 1 տարի առաջ մեկ անգամ է եկել իր բնակարան` այն տեսնելու նպատակով, բայց ինքը նրան “տրուսիկներ” է վաճառել: Այդուհանդերձ, դատարանը Վարդուշ տատին մեղավոր է ճանաչել, եւ նա, 3 տարի “նստելուց” բացի, պետք է վճարի նաեւ նախկին դատավճռով նշանակված 400 000 դրամը:  Ծեր կավատուհին ՀՀ վերաքննիչ դատարանից խնդրում է պատիժը պայմանականորեն չկիրառել:
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 13.10.12.




Լրահոս