ՏԱՆՁՈՒՏՈՒՄ ԱՊՐԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երբ  ցրտերը սկսվեն,  դադարեցնելու ենք մանկապարտեզի գործունեությունը, որովհետեւ  ձմեռը ջեռուցումը դառնում է հիմնախնդիր: Իսկ գյուղի կենտրոնի հուշարձանն էլ հնարավոր է՝ չդիմանա եղանակային խոնավությանը, ձյան ծանրությանը եւ փլվի”,-“Ժողովուրդ”-ի հետ հեռախոսազրույցում անհանգստանում է Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի ղեկավար Մխիթար Պետրոսյանը:
Տանձուտը գյուղապետին “ժառանգություն է” հասել բազմաթիվ հիմնախնդիրներով: Մասնավորապես հիմնանորոգման կարիք ունեն գյուղի դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խմելու ջրի խողովակաշարը: Պետք է լուծել նոր կառուցված թաղամասերի գազամատակարարման, բնակչության զբաղվածության, հուշարձանի ամրացման եւ բազմաթիվ այլ հարցեր: Սակայն շուրջ մեկ տարի համայնքի ղեկավար լինելով հանդերձ՝ Պետրոսյանը երբեւիցե այս խնդիրների լուծման համար   գրավոր կամ բանավոր չի դիմել ո՛չ կառավարությանը, ո՛չ էլ մարզային ղեկավարին:  
“Ես նոր եմ ընտրվել՝ դեռ մի տարի էլ չկա: Դեռ ուսումնասիրում եմ հիմնախնդիրները, փորձում եմ բարերարների միջոցով լուծել այս հարցերը: Պետության տված դոտացիայով դրանք հարթել հնարավոր չէ, կառավարության միջոցներն էլ սուղ են: Դիմեմ, ի՞նչ անեմ, ավելի լավ է՝ ես իմ ուժերով հարցը լուծեմ”,-կառավարությունից հույսը կտրած` նշում է Պետրոսյանը:
Տանձուտը գտնվում է Արմավիր քաղաքից 11 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Արմդլու, Արմուտլու անվանումները: Տանձուտ է վերանվանվել 1946 թ-ին: Համայնքի  բնակչության մի մասը 19-րդ դարի վերջին գաղթել է Սուրմալուի, Կարսի, Մուշի շրջաններից, մյուս մասն էլ հայրենադարձվել է Իրանից: Գյուղապետի տեղեկացմամբ՝ անցած 10 տարվա ընթացքում բնակչության թիվը կրճատվել է 186 հոգով: Նախկինում համայնքում ապրել է 2100, իսկ այժմ՝ 1914  մարդ: “Համայնքի բնակչության շուրջ 20 տոկոսը եզդիներ են: Շատ խելոք ժողովուրդ են, ոչ մի ազգային հակասությունների,  ադաթների բախում չի լինում: Հանգիստ մարդիկ են, ինձ համար հոգսեր չեն ստեղծում, զբաղվում են հիմնականում հողագործությամբ, ոչխարաբուծությամբ”,-ասում է  Պետրոսյանը: 
Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ գյուղապետը նշում է. “Չորցամաքային խիստ կլիման խանգարում է բանջարաբուծությանը, այգեգործությանը, հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում մշակված ցանքատարածքներին”:
Համայնքապատկան հողերի զգալի մասն  աղային  տարածքներ են,  որոնք մշակության ընթացքում մասամբ դարձել են ոռոգելի: Գյուղատնտեսական հողահանդակների մեծ մասն էլ լճային տարածքներ են: “Դրանք կապալառման սկզբունքով տրվել են անհատներին, որտեղ մարդիկ ձուկ, խեցգետին են բուծում: Ունենք նաեւ շինանյութերի եւ երեսապատման սալիկների արտադրամաս: Այսպիսի փոքր ձեւերով աշխատանքի հարց ենք լուծում”,-հայտնում է Պետրոսյանը:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը, գյուղապետի կարծիքով, մանկապարտեզի եւ Հայրենական պատերազմի զոհվածների հուշակոթողի հիմնանորոգումն է. “Մանկապարտեզի բալկոնները փլվում են, մեր ուժերով հիմնասյուներ ենք դրել, բայց շատ վտանգավոր է: Իսկ երբ ձմեռը սկսվի, պիտի մանկապարտեզը փակենք, որովհետեւ ջեռուցումը գերխնդիր է,  վառելիքը՝ շատ թանկ: Մեկ խորանարդ մետր փայտը գյուղում վաճառում են 20 հազար դրամով, գազն էլ… գիտեք: Հեշտ լուծումը փակելն է”: Իսկ հուշարձանի հարցն էլ գյուղապետը փորձում է լուծել բարերարների միջոցով. “Դեռ չեմ գտել, տեսնեք՝ ոնց կլինի”: Պետրոսյանը չի մոռանում խնդիրների շարքում թվարկել գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը եւ գյուղատնտեսական մթերքների իրացումը: Իսկ զրույցի վերջում համայնքապետը Տանձուտում ապրելը հերոսություն է համարում:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 13.10.12.




Լրահոս