Քիչ առաջ Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են սպորտային համազգեստով անձինք հատում Երևանի Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի դիմացի ծառերը: Կադրերում հստակ երևում է, որ ծառերը ոչ թե էտվում են, այլ` կտրվում բնից: Այսինքն, ի սկզբանե նպատակ է դրված՝ ազատվել մայթի վրա երկար տարիներ ապրող ծառերից: Ընդ որում, ինչպես տեղեկացանք ոսկու շուկայի մի քանի աշխատակիցներից, այդ նույն ծառերի արմատներին տարիներ շարունակ «Ոսկու աշխարհ» շուկայի տնօրինության հրահանգով նավթ, ծծմբաթթու և բույսի համար վտանգավոր այլ նյութեր են լցվել, որպեսզի չորանային, բայց ծառերը շարունակում էին պայքարել թունավոր նյութերի դեմ եւ մնացել էին կանգուն:
Եվ հիմա, ինչպես երևում է, «Ոսկու աշխարհ» շուկայի սեփականատիրոջ համբերությունը հատել է, և նա որոշել է «քոքից» լուծել հարցը՝ հաստաբուն ծառերը կտրելով, որպեսզի շուկայի շենքը առաջ գալու հնարավորություն ունենա: Բայց որպեսզի ամեն ինչ օրինական լինի, «Ոսկու աշխարհ» շուկայի Վաղարշ Աբրահամյանը, թերևս, նախ Երևանի քաղաքապետարանին է դիմել: Համենայնդեպս, երբ Armlur.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց տեղեկանալ, թե ո՞վ է այդ «նախաձեռնության» հեղինակը, պարզվեց` տեղյակ էին:
«Համապատասխան մասնագիտական եզրակացությունը տրվել է, և բոլոր վթարավտանգ ծառերը հեռացվում են տարածքից: Ծառահատումն իրականացնում է «Կենտրոն կանաչապատումը»: Հեռացված բոլոր ծառերի փոխարեն դրվելու են նոր ծառեր»,- պարզաբանեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Armlur.am-ի հարցին` ինչո՞ւ են ծառահատում իրականացնողները սպորտային, և ոչ «Կենտրոն կանաչապատում» նշումով համապատասխան համազգեստով, Ա. Գևորգյանը դժվարացավ պատասխանել: Նա միայն ասաց, որ առաջիկայում նմանատիպ ծառահատումներ ևս լինելու են` դա բացատրելով այն հանգամանքով, որ քամու ժամանակ չորացած ծառերը կարող են վայր ընկնել, ինչի նախադեպն արդեն եղել է: Իսկ թե ինչպես է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի և «Ոսկու շուկայի» Վաղարշի ցանկությունները մեկտեղվել են և տարիներ շարունակ շուկային «խանգարող» ծառերը հանկարծ այսօր դարձան վտանգավոր, թերևս, դժվար չէ պատկերացնել՝ հաշվի առնելով Վաղարշի մատուցած ծառայությունները իշխանություններին:
Բայց այդ մասին՝ ստորև: Հիմա արձանագրենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղյակ չէին ծառահատումների մասին: Այստեղից մեզ հայտնեցին, որ որևէ ահազանգ չեն ստացել: Իսկ Armlur.am-ի հետ զրուցելուց հետո ՄԻՊ արագ արձագանքման խումբը շտապ հասավ նշված վայր: Նրանք ևս փորձում են պարզել հանգամանքները:
Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած տարեկան «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում ՀՀ Բնապահպանության նախարարության թույլ տված մի շարք օրինախախտումներն արձանագրելուց զատ` նաև առաջարկ է ներկայացվել, որ պետք է «ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ անօրինական ծառահատումների կանխման նպատակով»:
Սակայն, Բնապահպանության նախարարությունից նախ շնորհակալություն հայտնեցին բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար, ապա տեղեկացրեցին, ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները ահազանգը ստանալուն պես տեղում ճշտել են ծառահատման աշխատանքների օրինականությունը. «Պարզվել է, որ ծառահատումն իրականացվում է օրինական կերպով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից»:
Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումների դեպքում գանձվող տուգանքների չափի վերաբերյալ մեր հարցմանը, պարզաբանեցին, որ տուգանքի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով` կախված ծառահատման վայրից, ծառատեսակից և ծառի բնի տրամագծից:
Armlur.am-ը զրուցեց նաև «Ոսկու աշխարհի» («Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ ) սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ինչո՞վ էին այդ ծառերը խանգարում իրեն, որ «կտրել տվեց»: Վաղարշը Աբրահամյանը նախ զարմացավ, որ նման բան է կատարվում իրեն պատկանող կառույցի մոտ, ապա հայտնեց, թե ինքը քաղաքում չէ և չգիտի, որ պետք է ծառահատում իրականացվեր. «Դե, երևի քաղաքապետարանն է որոշել նման բան անել: Ես տեղյակ չեմ: Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել ծառ կտրելու կամ հատելու մասին»:
Այնպիսի տպավորություն է, որ Վաղարշ Աբրահամյանը բացառապես տեղեկացված է «Ոսկու շուկայի» աշխատակիցների կողմից կազմակերպվող ակցիաների մասին, որոնք ճնշելու համար, օրինակ, նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին ջարդուխուրդ արեց շուկայի սեղանիկները՝ աշխատակիցներից պահանջելով չգնալ ՀՀ կառավարության շենքի առջև և չբողոքել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ:
Այսպիսով, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք իրողությունն առ այն, որ փող ունեցողի համար մեր երկրում օրենքը մի բան է սահմանում, չունեցողի համար՝ այլ: Ի դեպ, այնպիսի ծառեր, ինչպիսիք հատվեցին այսօր ոսկու շուկայի դիմաց, արժեին մինչև 100 հազար դրամ, եթե Երևանի քաղաքապետարանն ու Բնապահպանության նախարարությունը դրանք համարեին ապօրինի հատված ծառեր, հատողները կտուգանվեին մինչև 100 հազար դրամով: Բայց այս կառույցները չարեցին այն, քանի որ, ցավոք, թունավոր նյութերը սկսել էին իրենց բացասական ազդեցությունը թողնել:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան