“Խոսրովի անտառ” պետական արգելոցում այրվել է 7-8 հա խոտածածկ տարածք: Այս մասին “ԷկոԼուր”-ին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հայկ Հակոբյանը: Վերջինիս տեղեկացմամբ` հոկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ի սահմաններում, ՊՈԱԿ-ի հրշեջ ծառայության հերթական շրջագայության ժամանակ Խոսրով-Խաչաձոր տեղամասերի սահմանագծի վրա նկատվել է կայծակահարությունից ծխացող գիհու մեկ ծառ` իր բնի շրջագծի խոտածածկ տարածքով: Անմիջապես ահազանգվել է հերթապահություն իրականացնող անձնակազմին, եւ վերջիններս սեփական ուժերով եւ միջոցներով սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհամարման աշխատակիցներին օգնության են եկել մյուս երեք տեղամասերի անձնակազմը եւ ՊՈԱԿ-ի այդ օրվա աշխատանքներից ազատ մյուս աշխատակիցները: Մարման աշխատանքներին մասնակցել են նաեւ “Վայրի բնություն եւ մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամ” հասարակական կազմակերպության 20 անդամներ: Ուժգնացող քամին նպաստել է հրդեհի արագ տարածմանը, այդ իսկ պատճառով 11:45 ահազանգվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը: 12:2-ից հրդեհամարման աշխատանքներին մասնակցել են Արարատի մարզային եւ Վեդի քաղաքի հրշեջ խմբերը: “Համատեղ կատարված աշխատանքների շնորհիվ այրումից զերծ է մնացել ծառածածկ տարածքները, սակայն այրվել է 7-8 հա խոտածածկ տարածք”- ասել է Հ. Հակոբյանը:
Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ