ԼՂՀ «Ազգային վերածնունդ»-ն ԱԱԾ-ի կողմից ճնշումների է ենթարկվել. կուսակցության նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը  նախընտրական  քարոզչության  շրջանում  մի  շարք  դժվարությունների են հանդիպել:  Armlur.am-ի  հետ  զրույցում կուսակցության  նախագահ  Հայկ Խանումյանը  նշեց, թե մի շարք բողոքներ ունեն և այնքան էլ գոհ  չեն ընտրությունների արդյունքներից:

– Պարոն Խանումյան, ինչպես կբնորոշեք ԼՂՀ ԱԺ ընտրությունները:

– Մենք բավականին դժգոհ ենք, որովհետև նախընտրական շրջանում եղել են բազմաթիվ ճնշումներ: Մենք կանխատեսել էինք, որ այդպես էլ լինելու է:

– Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, կմանրամասնե՞ք:

– Բազմաթիվ անգամ մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ հատկապես ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մեր համակիրների վրա կատարվել են ճնշումներ: Կարող ենք փաստել, որ Ազգային անվտանգության ծառայությունն Արցախում իր ամբողջ ուժը կիրառել է մեր կուսակցության դեմ` մեր համակիրներին ճնշելու, թուլացնելու համար:

Hayk_Xanumyan

– Իսկ ընտրություններում ձեր կուսակցության գրանցած արդյունքներից գո՞հ եք (ստացել են մոտ 6% ձայներ): 

– Մենք ավելին էինք սպասում: Ճիշտ է` անցանք խորհրդարան, սակայն ավելի մեծ սպասումներ ունեինք:

– Իսկ դա հենց ճնշումների հետևա՞նքն եք համարում:

– Իհարկե: Մարդիկ զգուշացել են աշխատել, թիմակիցները կես ճանապարհից հետ են կանգնել: Եղան թիմակիցներ, ովքեր մնացին ու մինչև վերջ պայքարեցին: Սակայն Արցախում` այս փոքրիկ հասարակությունում, իշխանությունները մարդկանց վրա ազդելու մեծ հնարավորություններ ունեն:

Նշենք, որ առավելագույն ձայն ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ներկայիս իշխող ուժը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35%-ը: «Ազգային ժողովրդավարական կուսակցության» օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 %-ը, «Հայ հեղափոխական դաշնակցության» օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 %-ը:

«Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 %, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 %: Երկու կուսակցություն` ԼՂՀ «Կոմունիստական կուսակցությունն» ու «Խաղաղություն և  զարգացումը» չեն հաղթահարել 5%-ի շեմը: Կոմունիստները ստացել են 1136 ձայն կամ 1,65 %, իսկ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը` 591 ձայն կամ 0,86 %:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս