Ապրիլի 24-ից հետո դռները բաց են, կարող են իրենց բոլոր նպատակները, եթե դրանք քաղաքական են, ժողովրդավարական ձևով ներկայացնել: Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նման կերպ մեկնաբանեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հետ տեղի ունեցածը:
Վահրամ Բաղդասարյանը նորմալ համարեց ՀԽ անդամների հետ նման կերպ վարվելը: «Ես չէի բացառել, որ ապրիլի 24-ից հետո նրանք կարող էին ազատ արձակվել: Իսկ թե ինչ հիմնավորմամբ` դա Գլխավոր դատախազությունը տվել է»,- ասաց Բաղդասարյանը:
Այն հարցին, թե կարո՞ղ են առանց հիմքերի կալանավորել, այնուհետև ազատ արձակել, Վահրամ Բաղդասրյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում շատ խորանալ, եթե դրանց հիմքերը ուսումնասիրենք, իրենց դա պատիվ չի բերի: Այն բոլոր մարդիկ ովքեր կանեն նման ոտնձգություններ և սադրիչ հայտարարություններ, ես կողմնակից եմ եղել, որ նման մարդիկ մեկուսացվեն: Իսկ ապրիլի 24-ից հետո իրենց կամքը կարող են արտահայտել»,- իր խոսքը եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին այսօր առավոտյան ազատ են արձակել: Իսկ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ պարզաբանվում է, թե ինչու է որոշվել ազատ արձակել ՀԽ անդամներին` նախքան երկամսյա կալանքի ավարտը: