Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, ասվում է մեր հարեւան Վրաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարությունների տարածած հայտարարությունների մեջ:
Ինչպես նշում է Վրաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ` «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» խորհրդարանական ընտրությունների անցկացումը «միջազգային իրավունքի լուրջ խախտում է»: Միևնույն ժամանակ հատուկ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, թե ԼՂ հակամարտության կողմերը կշարունակեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրել:
Ուկրաինան ևս չի ճանաչել ԼՂ խորհրդարանական ընտրությունները՝ դրանք անվանելով ապօրինի: Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ընտրությունների արդյունքները չեն կարող ունենալ օրինական հետևանքներ»,- նշվում է հայտարարության մեջ: Գերատեսչության մամլո ծառայությունից հայտնել են նաեւ, որ Ուկրաինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ԱՄՆ-ն հայտարարել էին քվեարկության արդյունքները չճանաչելու մասին: Թուրքիան եւս հայտարարել էր, որ մայիսի 3-ին կայացած Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները «լեգիտիմ չեն»: Այս պատկերը վկայում է այն մասին, որ Հայաստանը եւ Արցախը արտաքին PR-ի հարցում դեռ լուրջ անելիքներ ունեն: Մենք աշխարհին ապացուցելու եւ ներկայացնելու շատ բաներ ունենք, այնպես որ՝ դիվանագիտական կորպուսը պետք է լծվի ակտիվ աշխատանքի: