Տավուշի մարզի Զորական գյուղում մայիսի 3-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի բացման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հյուրեր, մարզի համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՌԴ Ռոստովի մարզի մշակույթի փոխնախարար Տիմոֆեյ Սուբոտինը:
Խաչքարերի օծման արարողությունն կատարել են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է հայազգի խորհրդային մարշալների գործունեությանը, Մեծ հայրենական պատերազում հայ մարտիկների գործած սխրանքներին: Սխրանքներ, որոնք հետագայում իրենց արտացոլումը գտան Արցախյան հերոսամարտում: Շնորհակալություն հայտնելով զորականցիներին և բարերարներին հուշակոթողը կառուցելու համար` Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանաբնույթ յուրաքանչյուր կոթող ու միջոցառում առաջին հերթին հարգանքի տուրք է մեր նվիրյալներին և, անշուշտ, հայրենասիրական բաց դաս սերունդների համար:
Զորական զյուղը խորհրդանշական է նրանով, որ հանգամանքների բերումով 1980-ականներին այստեղ են վերաբնակվել Արցախի Չարդախլու գյուղի բնակիչների մոտ 60 տոկոսը: «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր փառապանծ մարշալներին, այլև խոնարհվում ենք անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր խաղաղ կեցության համար: Չարդախլուն առանձնահատուկ գյուղ է, որի զավակները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակած ելքը որոշողներից են եղել, ինչը նշանակալի փաստ է»,-նշել է Սեյրան Օհանյանը:
Միջոցառման շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներ է հանձնել միջոցառման նախաձեռնողներին և հուշարձանների ստեղծմանն աջակցած հովանավորներին, Արցախյան հերոսամարտին մասնակցած զորականցիներին, ինչպես նաև մի շարք զինծառայողների: Տավուշի մարզում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնվել են «Հաղթանակի 70-ամյակ» հուշամեդալներ:
Զորական գյուղում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով և հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական ելույթներով: