Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը, մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ:
Մայիսի 22-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին:
Արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի կազմակերպման նպատակով էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց: Հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: