ՊՈՒՏԻՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԷԼ ՉԿԱ ԿԱՅՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը 2-րդ համագումարն էր հրավիրել: Նա հայտարարել է, որ իրենք առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Ըստ նրա՝ Սարգսյանին սատարելու մասին որոշումն ընդունվել է նախօրեին կոնգրեսի խորհրդի նիստում:
Համագումարի բացմանը ներկա էին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարում կազմակերպության նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արա Աբրահամյանը: Վերջինս հայտարարեց, որ այսուհետ իրենց գլխավոր գրասենյակը լինելու է Հայաստանում եւ ոչ թե ՌԴ-ում:
Երեկվա համագումարը նաեւ քաղաքական նպատակ ուներ. Արա Աբրահամյանը հայտարարեց, թե իրենք նախագահական ընտրություններում սատարելու են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Եւ որպեսզի այս ամենը լուրջ համարվեր, ընթերցվեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ ուղղված հայ ժողովրդին: Նկատենք, որ այդ ուղերձը որեւէ քաղաքական տարր չէր պարունակում: Միայն հայ ժողովրդի «գովերգն» էր, որը Պուտինի պաշտոնական կայքում այդպես էլ չտեղադրվեց: Անհասկանալի է, թե նա Հայաստանին ինչ ճանապարհով է փոխանցում ուղերձները:
Համագումարին ներկա էր նաեւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը:
Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը իր վերջին համագումարն անցկացրել էր 2007թ. ՌԴ-ում, քանի որ ՀՀ-ում տարածք չէին տրամադրել: Իսկ այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո էլ Աբրահամյանի ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ անդամ երեք եղբայրները պատգամավոր չդարձան:
Ինչեւէ, քաղաքական ի՞նչ ազդեցություն ունեցավ Պուտինի ուղերձով առանձնացած այս համագումարը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Ես դա մեկնաբանում եմ ուղղակի PR, որովհետեւ դեռ չառաջադրված թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելը միայն PR է: Եթե մարդը չի առաջադրվել, ո՞ւմ են պաշտպանում: Կարող է վաղը մարդը որոշում է գնա ու իր համար ապրի, չառաջադրվի: Սրանում լրջություն չկա:
-Իսկ այդ հայտարարությունը ինչո՞վ կբացատրեք, ի վերջո, Աբրահամյանն այս ամենով ի՞նչ էր ցանկանում ասել:
-Այս ամենը արվեց, որովհետեւ Սերժ Սարգսյանի քաղաքական վիճակն օր օրի վատթարանում է:
-Մինչեւ հիմա հայտնի էր, որ ԲՀԿ-ն  է ռուսամետ ուղղվածություն ունեցողը, այդ դեպքում ինչո՞ւ Պուտինը որոշեց սատարել ԵԺԿ-ի անդամ ՀՀԿ-ին:
-Ձեր հարցի մեջ արդեն պատասխանը դրված է. մի օր «սատարում» էր ԲՀԿ-ին, այսօր սատարում է ՀՀԿ-ին, այսինքն՝ այդ ամենի մեջ լրջություն չկա: Եթե քաղաքականության մեջ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին 4-5 ամսում սատարում է, այդտեղ ոչ մի լրջություն չի կարող լինել:

ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Արա Աբրահամյանի հրավիրած երեկվա համագումարին ԲՀԿ-ից որեւէ մեկը մասնակցե՞լ է, Ձեզ հրավիրե՞լ էին:
-ԲՀԿ-ից ներկա է եղել Արսեն Մկրտչյանը՝ որպես իմ ներկայացուցիչ, որովհետեւ այդ ժամին ես խմբակցության նիստ ունեի: Հրավեր եկել է անհատ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, կուսակցությանը չի եղել:
-Տեղյա՞կ եք, որ համագումարի ժամանակ հայտարարվել է, որ իրենք սատարելու են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:
-Ո՛չ, տեղյակ չեմ:
-Հնարավո՞ր է՝ այդ համագումարի որոշումն ազդեցություն ունենա ԲՀԿ-ի որոշման վրա՝ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու հետ կապված:
-Ի՞նչ կապ ունի ԲՀԿ-ի կարծիքը այդ ամենի հետ, ինչպե՞ս կարող է տվյալ կազմակերպության որոշումն ազդել ԲՀԿ-ի որոշման վրա: ԲՀԿ-ն իր որոշման մասին դեռ չի հայտնել, հետեւաբար Ձեր հարցը տրամաբանական չէ: Եթե ուզում եք Ձեր հարցով ծուղակը գցել, ապա ասեմ, որ ԲՀԿ-ի որոշման հետ կապված որեւէ բան չի հայտնվում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ՀՀԿ-ին գոհացրե՞ց Արա Աբրահամյանի հայտարարությունը:
-Գոհացնելու բան չկա, եթե որոշում է կայացվում այս կամ այն կառույցի կողմից, որ նախագահական ընտրություններում պետք է պաշտպանեն գործող նախագահ Սերժ Սարգսյանին, մենք, իհարկե, ողջունում ենք ու պատրաստ ենք համագործակցել: Նախկինում էլ մշտապես շեշտել ու ասել ենք, որ եթե կլինեն անհատներ, քաղաքական կառույցներ, որոնք կկիսեն մեր ծրագրերը, մենք կողջունենք:
-Կարելի՞ է ասել, որ այս կերպ Վլ. Պուտինը իր «դաբրոն» է տվել Սերժ Սարգսյանին:
-Մենք անկախ երկիր ենք, մենք ունենք մեր իշխանությունն ու մեր սուվերենությունը, եւ ընտրությունը կատարում է մեր ժողովուրդը: Մենք «դաբրոներով» չենք գնում ընտրությունների:
-Բայց եթե Ս. Սարգսյանն իր թեկնածությունը դեռեւս չի առաջադրել, այդ դեպքում ո՞ւմ է սատարում Ա. Աբրահամյանը:
-Ես չեմ կարող պարոն Աբրահամյանի փոխարեն որոշել, թե երբ ինչ որոշումներ կկայացնեն: Իրենք անկախ կառույց են, եթե գտել են՝ այս ժամանակահատվածն է հարմար, ուրեմն դա իրենց խնդիրն է, այդ կառույցի որոշելու հարցն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս