«Ապօրինի շինարարություն սկսելու մտադրությունն անգամ պետք է բացառվի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ուսումնասիրվել է 2012-2014 թվականների ընթացքում խախտումներ արձանագրված հասցեների առկա վիճակը: Նշվել է, որ 6 վարչական շրջաններում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի շինարարությունը շարունակելու դեպքեր, որոնց մասով կազմվել է շուրջ 20 վարչական կրկնակի արձանագրություն:

Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ ու կրկնության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր քայլերը և գործերն ուղարկել ՀՀ դատախազություն:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը ակտիվ պայքար է տանում ապօրինաշինության և հողազավթման դեպքերի կանխման ուղղությամբ: Եվ անընդունելի է, որ նման խիստ հսկողության պարագայում որոշ հասցեներում կրկնվում են խախտումները: Ոմանք գուցե նշեն, որ 20 դեպքը չնչին է՝ հատկապես համեմատելով 5 կամ 10 տարի առաջվա համանման դեպքերի հետ, բայց ինձ համար այսօր անգամ մեկ դեպքն է անընդունելի: Նման ուսումնասիրությունների անցկացումը այսուհետ դառնալու է աշխատաոճ: Եղեք ավելի խիստ և հետևողական, որպեսզի անգամ ապօրինի շինարարություն սկսելու մտադրությունը բացառվի, էլ չեմ խոսում նույն հասցեում դրանց կրկնման հնարավորության մասին: Իսկ կրկնակի բոլոր խախտումների դեպքում, օրենքով սահմանված կարգով, գործերը տրամադրեք դատախազությանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս