Մայիսի 1–4–ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի տարածաշրջանային վարչության հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Կանադա՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
Մայիսի 2-ին նախարարը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հրանուշ Հակոբյանը՝ ի դեմս Դենիս Կոդերի շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին երկրում հաստատված հայերի հանդեպ ցուցաբերած բարյացկամության և Կանադայի հանրային կյանքին ինտեգրվելու հնարավորությունների ընձեռնման համար: Իր հերթին Դենիս Կոդերը գոհունակություն է հայտնել կանադահայերի գործունեության վերաբերյալ, ովքեր դարձել են օրինակելի քաղաքացիներ և նպաստել երկրի զարգացմանն ու կանադա-հայկական հարաբերությունների ամրապնդմանը:
Նախարարն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի առաջնորդարան, հանդիպել թեմի առաջնորդ Մեղրիկ եպիսկոպոս Բարիկյանին, այնուհետև հանդիպում է ունեցել առաջնորդարանին կից Սուրբ Հակոբ շաբաթօրյա դպրոցի սաների և ուսուցիչների հետ:
ՀԲԸՄ Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանում ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է կրթօջախի 45-ամյակին նվիրված տոնակատարությանը: Հրանուշ Հակոբյանը կարևորել է կրթօջախի դերը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում, որը մինչ այժմ ավելի քան 1500 շրջանավարտ է տվել, այն հիմնադրվել է 1970թ. ազգային մեծ բարերար Ալեք Մանուկյանի և Արշավիր Գյոնջյանի ջանքերով, այսօր այն ունի 350 աշակերտ և 48 ուսուցիչ:
Բարձր գնահատելով Սփյուռքում նոր սերունդի հայեցի կրթության և դաստիարակության, հայկական ինքնության պահպանման գործում վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի նախկին ղեկավարներ Արմէն Պչաքճեանի և Արամ Եագուպեանի ունեցած մեծ ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրանց պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Երեկոյան նախարարը մասնակցել է կրթօջախի 45-ամյակին նվիրված մշակութային միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով:
Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարը Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ մասնակցել է դեպի Place Des Arts հրապարակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կանադահայության կազմակերպած քայլարշավին, որին մասնակցել են շուրջ 10 հազար մարդ:
Նույն օրը՝ երեկոյան, Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել Սուրբ պատարագի, որից հետո հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ի և քույր կազմակերպությունների՝ Հայ Կենտրոնների ներկայացուցիչների հետ, ապա մասնակցել է կառույցի կազմակերպած մշակութային միջոցառմանը, որին ներկա է եղել նաև Կանադայի քաղաքացիության և ներգաղթողների նախարար Քրիս Ալեքսանդրը:
Նախարար Հ Հակոբյանը հանդես է եկել ելույթով: Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նա բարձր է գնահատել կանադահայության բազմամարդ քայլարշավը և մասնավորապես ասել,- «Երիցս ճիշտ էր ամերիկահայ հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանը, ով ասում էր՝ «Ուր որ երթաս, պոռա՛ Հայաստան:», Հայրենիքի հանդեպ ձեր սիրով և նվիրվածությամբ դուք վերահաստատեցիք մեծ գրողի խոսքերի ճշմարտացիությունը»: